09.01.2013

Առատ ձյունը կաթվածահար է արել Վանաձորի երթեւեկությունը (ֆոտո)

Առատ ձյունը կաթվածահար է արել  Վանաձորի երթեւեկությունը  (ֆոտո)
Ողջ գիշեր Լոռիի մարզկենտրոն Վանաձորում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել վանաձորյան երթեւեկությունը: Ինչպես հայտնում էNEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեկ ողջ գիշերվանից մինչ այս պահը Վանաձորում առատ ձյուն է տեղում, ճանապարհների մեծ մասը անանցանելի են, նույնսկ կենտրոնական փողոցներով երթեւեկելը մի շարք խնդիրներ է առաջացնում վարորդների համար: Որոշ քաղաքային երթուղիներ եւս չեն գործում: Այս ամենի հետ մեկտեղ դժվարացել է նաեւ շտապ բուժօգնության աշխատանքը: 4 բրիգադ ունեցող ծառայությունը շատ ժամանակ չի կարողանում հասնել կանչի վայր: Ձյան մեծ շերտով ու սառույցով պատված ճանապարհների պատճառով մի շարք վթարներ են տեղի ունեցել Վանաձորում, ու այս ամենի մեղավորը ըստ վթարի ենթարկված վարորդների, համապատասխան ծառայություններն են, որոնք ըստ պատշաճի չեն իրականացնում մաքրման աշխատանքներ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը վստահեցրել է, որ մաքրման աշխատանքներ իրականացվում են գիշերվա ժամը 3-ից, պարզապես չեն հասցնում բոլոր փողոցներն ու մայթերը մաքրել: Մինչդեռ հարկ է նշել, որ այսօր Վանաձոր քաղաքի Աղայան փողոցը ձյան շերտից չեն  կարողացել մաքրել անգամ քաղաքապետարանի 2 մեծ տեխնիկաները, որոնք հենց տեղում խափանվել են: Մաքրման աշխատանքներ իրականացվում են հիմնականում կենտրոնական փողոցներում ու գերեզմանոցներ տանող ճանապարհներին, սակայն այդուհանդերձ աշխատանքները գնահատել բավարար, վանաձորցիները չեն պատրաստվում: Ժամը 14:00-ի դրությամբ ձյան շերտից մաքրված չէին նույնիսկ քաղաքի կենտրոնական մայթերը, ինչի պատճառով քաղաքացիները քայլում են փողոցով՝ վտանգավոր  իրավիճակ ստեղծելով թե իրենց եւ թե վարորդների համար:





Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий