29.06.2013

Կոտայքի մարզում` 15-ամյա տղան սեքսուալ բռնի գործողություն է կատարել 8-ամյա երեխայի նկատմամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Իգիթ Ղարիբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է դռնփակ կարգով:

Պատանի Իգիթ Ղարիբյանին մանկապղծության համար մեղավոր է ճանաչել ու դատապարտել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

15-ամյա Իգիթը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ է, 9-րդ դասարանի աշակերտ: 

Համագյուղացի 8-ամյա տղայի նկատմամբ, ըստ դատական ակտերի, նա կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Դրա մասին հենց ինքն էլ պատմել է ընկերոջը: 

2012 թվականի հունիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում 1997 թվականի հուլիսի 18-ին ծնված Իգիթ Ղարիբյանը գնացել է գյուղի եկեղեցու տարածքում գտնվող «ֆուտբոլի դաշտը», որտեղ հավաքվում ու խաղում էին երեխաները:

Իգիթը տեսել է, որ 2004 թվականի մարտի 4-ին ծնված 8-ամյա համագյուղացի երեխան ծառի տակ նստած միրգ է ուտում: 

Նրան առաջարկել է գնալ քարերի մոտ: Գնացել են: 

Իգիթը օրեր առաջ վնասել էր երեխայի գնդակը և խոստացել, թե գնդակի օդափուչիկ կտա: Դեպքի օրը՝ հունիսի 8-ին, Իգիթը երեխային առաջարկել է մտնել մոտակա փոսը, որ խոստացած օդափուչիկը տա: Մտել են: Իգիթի առաջարկով երեխան պպզել է, որ օդափուչիկը վերցնի: Երեխան մտածել է՝ խաղում են: 

Ըստ դատական ակտի՝ «Իգիթն արագ արձակել է իր տաբատը, իջեցրել, երեխային պառկեցրել փորի վրա, բռնել նրա ձեռքերը... 

Օգտվելով երեխայի անօգնական վիճակից, սկսել է բռնի սեքսուալ գործողություն կատարել: Երեխան փորձել է ազատվել նրանից, բայց ուժը չի պատել...»: 

Այդ ժամանակ խաղադաշտում գնդակի ձայն է լսվել: Իգիթը վախեցել, թողել է երեխային: Նրանք հագել են իրենց տաբատները: Իգիթը պահանջել է, որ երեխան կատարվածի մասին ոչ ոքի չասի: 

Դաշտում գնդակով խաղացող Սարգսի հետ Իգիթն ու երեխան ֆուտբոլ են խաղացել: Մոտեցել է համագյուղացի Նարեկը, առաջարկել է խանութ գնալ: 

Իգիթը Նարեկին «որպես գաղտնիք» պատմել է, թե քիչ առաջ սեռական հարաբերություն է ունեցել իրենց հետևից լացակումած քայլող երեխայի հետ: Երեխան ձայն է տվել Իգիթին, բայց նա չի մոտեցել նրան:

Հետո Նարեկը Իգիթի պատմածը հայտնել է Սարգիսին: 

Իսկ տուժած երեխան տատիկի կանչով տուն է գնացել: Տատը տեսել է թոռի հուզված վիճակը՝ կարմրած դեմքը, արցունքոտ աչքերը, հարցուփորձ է արել: Երեխան արտասվել է ու պատմել կատարվածը: 

Ընդհանուր իրավասության դատարանում Իգիթ Ղարիբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե կույր աղիքի բարդ վիրահատություն է տարել, առողջական վիճակը լավ չէ:

Գյուղում հաճախ է ընկերների հետ խաղադաշտ գնացել ֆուտբոլ խաղալու: Տուժող երեխայի մասին վատ բաներ էին խոսում, նրան չեն թողել իրենց հետ խաղալ: 

Մյուս երեխաներն իրենց ցուցմունքներում հայտնել են, թե նման բան ընդհանրապես չի եղել:

Իգիթը նշել է, որ ինքը վնասել էր տուժողի գնդակը, խոստացել, որ գնդակի օդափուչիկ կտա: Դեպքի օրը երեխան իրենից պահանջել է օդափուչիկը, լաց է եղել: 

Խանութ գնալու ճանապարհին ինքը Նարեկին ասել է՝ իբր տուժողի հետ «նման բան» է արել: Իրականում ոչինչ չի արել, ասել է պարծենալու, գլուխ գովելու համար, քանի որ մտածել է, թե դա լավ բան է՝ գլուխ գովելու արժանի: 

Ըստ ամբաստանյալ Իգիթի՝ երեխան իրեն զրպարտում է, որովհետև խոստացած օդափուչիկը նրան չի տվել:

Ինքը երեխայի տանը ծեծվել է նրա մոր կողմից ու ներողություն է խնդրել... օդափուչիկը չտալու համար:

Ոստիկանությունում իրեն թելադրել են, ինքը գրել է: Չի հասկանում, թե ինչ է նշանակում «սեռական հարաբերություն», բայց գրել է:

Տուժող երեխան նկարագրել է, թե Իգիթը բռնությամբ ինչեր է արել: Նրա կարծիքով՝ եթե Սարգիսը խաղադաշտ չգար, Իգիթը շուտ բաց չէր թողնի իրեն: Ինքը փորձել է դուրս պրծնել, բայց նա իր ձեռքերը բռնել էր, չէր թողել, որ շարժվի, ու իր փորը ցավում էր:

Երեխան դատարանում պնդել է՝ Իգիթի արածը նախկինում իր նկատմամբ ոչ ոք չի արել: Ինքը ամեն բան անմիջապես պատմել է տատիկին: 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երեխայի որոշակի օրգանների վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մանկապիղծը չի հասցրել կամ չի կարողացել նրան վնասել: 

Դատարանի եզրակացությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածով նախատեսված հանցագործությունն ավարտված է համարվում սեքսուալ բնույթի այս կամ այն գործողությունը սկսելու պահից: Ըստ դատական ակտի՝ Իգիթ Ղարիբյանը, չնայած մանկահասակ երեխայի դիմադրությանը, նրա նկատմամբ ոչ միայն սկսել, այլև ավելին էր կատարել:

Դատարանը հաշվի է առել արարքի հանրորեն վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև Իգիթ Ղարիբյանին տրված դրական բնութագիրը: 

Նրա դասղեկը նշել է, որ Իգիթը անապահով ընտանիքի երեխա է, օգնել է ծնողներին, հաճախ բացակայել դասերից: Դատարանը հաշվի է առել նաև, որ նա վատառողջ է:

Միաժամանակ, դատարանը հաշվի է առել, որ Իգիթ Ղարիբյանին մեղսագրված հանցանքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքը, ու այդ արարքը նա կատարել է մինչև 16 տարին լրանալը: Օրենքով նրա նկատմամբ կարող է սահմանվել առավելագույնը՝ 7 տարի ազատազրկում: Այդ ժամկետին դատարանը հաշվակցել է նախնական կալանքի տակ Ղարիբյանի գտնվելու 19 օրը:

Մանկահասակ երեխայի անօգնական վիճակից օգտվելով՝ նրա նկատմամբ սեքսուալ բռնի գործողություն կատարելու համար Իգիթ Ղարիբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 6 տարի 11 ամիս 11 օր ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Իգիթ Ղարիբյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու օրվանից: Իգիթ Ղարիբյանի օրինական ներկայացուցչից՝ հորից կբռնագանձվի 140 հազար դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեք: 

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Իգիթ Ղարիբյանի օրինական ներկայացուցիչը՝ հայրը. «Խնդրում եմ ձեզ որպես ծնողի պարզաբանել ճշմարտությունը»: Նման բովանդակությամբ բողոքը չէր կարող քննվել վերաքննիչ դատարանի կողմից: 

2013 թվականի մայիսի 17-ի որոշմամբ դատարանը բողոքը վերադարձրել է՝ վերակազմելու համար:

Այնուհետև բողոք է բերել Իգիթ Ղարիբյանի շահերի պաշտպան Ա. Քալաշյանը: Նա խնդրել է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության: 

Ըստ պաշտպանի՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չեն եղել Իգիթ Ղարիբյանի մեղքն ապացուցված գնահատելու համար:

Պաշտպանի կարծիքով՝ դատարանն անտեսել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և իր պաշտպանյալի արարքը համարել է ավարտված: Մինչդեռ հարկավոր է կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, նշանակել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որը կապացուցի, որ Իգիթ Ղարիբյանը իրականում չի կատարել իրեն մեղսագրված հանցանքը, որևէ առնչություն չունի նշված դեպքի հետ:

Պաշտպանի կարծիքով՝ տուժող երեխայի ցուցմունքները հավաստի և արժանահավատ չեն, նա իրականում խեղաթյուրել է փաստերն ու իրականությունը:

Այն, որ վկա Նարեկը ներկայացրել է, թե Իգիթը պատմել է իր արարքի մասին, ապա դա, ըստ պաշտպանի, բավարար չէ մեղադրանքը գնահատելու համար, քանի որ ըստ ամբաստանյալի՝ ինքը Նարեկին պատմել է գլուխ գովելու համար:

Փաստաբանը մեջբերել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ փորձաքննվող Իգիթ Ղարիբյանի ինտելեկտը չի համապատասխանում կրթությանն ու կենսափորձին, իմացական գործընթացները միջին նորմայից ցածր են, մտածողությունն ընդգծված կոնկրետ է: Փորձաքննվողը դժվարանում է հասկանալ փոխհարաբերությունները, կատարել մտահանգումներ, մտահորիզոնը նեղ է, ինքնագնահատականը՝ տատանվող, բացահայտվել են անձնային և իրավիճակային բարձր տագնապայնություն, իմպուլսիվություն, ֆրուստրացվածություն, կամակորություն:

Միայն թե ինտելեկտի ցածր լինելը կամ կամակորությունը այն առանձնահատկությունները չեն, որ բացառեն երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների կատարումը...

Նույն դատահոգեբանական եզրակացության մեջ ասված է. «Անչափահաս մեղադրյալ Իգիթ Ղարիբյանը, ելնելով իր տարիքից ու մտավոր զարգացվածության աստիճանից՝ գիտակցել է իր կողմից կատարված արարքի բնույթը և նշանակությունը և ղեկավարել է այն: Նա գիտակցել է տուժողի անօգնական, մանկահասակ լինելու հանգամանքը և օգտվել է դրանից: Ի. Ղարիբյանը գիտակցել է տուժողի իսկական դիմադրությունը հաղթահարելու կամ կանխելու հանգամանքը»: 

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ քրեական գործում բացակայում են Իգիթ Ղարիբյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու, գործը ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու հիմքերը:

Իգիթ Ղարիբյանի մեղքը հաստատված գնահատելով՝ դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը, օրինական ուժի մեջ թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի 11 ամիս 11 օր ազատազրկմամբ: 

Ղարիբյանը կալանքի տակ կառնվի վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Комментариев нет:

Отправить комментарий