Սենսացիա ղարաբաղյան կարգավորման հարցում
Ադրբեջանը սենսացիոն հայտարարություն է արել, որը կարող է շատ բան փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայության մեջ: Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին, ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլլաեւը: «Եթե Հայաստանը նման խնդրանքով դիմի, մենք անպայման կօգնենք», ասել է նա: Հայտարարությունը հատկանշական է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ ելույթի ֆոնին. «Մեզ համար չափազանց անհրաժեշտ է Հայաստանի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատել, անցյալում թողնել հակամարտության բոլոր բացասական գործոնները եւ նայել արդյունավետ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների լուսավոր ապագային»: Հատկանշական է, որ Իլհամ Ալիեւը հրաժարվել է Հայաստանի նախագահի հետ հանդիպումից: Ըստ ամենայնի, հանդիպումը պետք չէ, եւ կարգավորման տրանսֆորմացիան տեղի է ունենալու ավելի ցածր մակարդակում: Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի արեւմտյան հանրությունը փորձում է առաջ մղել «առանց կարգավորման հարաբերությունների նորմալացում» ծրագիրը: Ընդ որում, ոչ միայն Ղարաբաղի հակամարտության, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Համաշխարհային հանրությունը փորձում է Թուրքիային ու Ադրբեջանին համոզել ապաշրջափակել Հայաստանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Բաքուն եւ Անկարան պնդում են գոնե «ինչ որ հողեր վերադարձնելու» վրա: Երեւում է, վերադարձին դեմ են եւ Հայաստանը, եւ Արեւմուտքը: Դատելով Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունից, Ռուսաստանը կողմ է «ապաշրջափակում-հողերի վերադարձ» բանաձեւին: Լավրովն ասել է, որ ստատուս-քվոն թույլ չի տալիս լուծել այս հարցերը: Երեւում է, Մոսկվայի նախաձեռնությամբ այս մասին պետք է խոսեին Ալիեւը եւ Սարգսյանը: Սակայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ԱՄՆ կատարած այցից հետո հռետորաբանությունը փոխվել է՝ նախ, հայտարարվել է, որ նախագահների հանդիպում չի լինի, երկրորդ՝ Ադրբեջանն առաջին անգամ խոսում է Հայաստանին գազ մատակարարելու հնարավորության մասին: Դա կարող է նշանակել կամ այն, որ Արեւմուտքն ընդունել է Ռուսաստանի «ապաշրջափակում-հողերի վերադարձ» բանաձեւը, կամ էլ համոզել է Թուրքիային ու Ադրբեջանին, որ ոչ մի բանաձեւ չկա, կա միայն ապաշրջափակումը: Երկրորդ տարբերակը թվում է ավելի հավանական, Թուրքիայի իրադարձությունների եւ դրանց Ադրբեջան անցնելու հավանականության ֆոնին: Այս երկու երկրներում սպասվում են ընտրություններ, եւ Արեւմուտքի աջակցությունը նրանց չափազանց անհրաժեշտ է, առավել եւս, որ ԱՄՆ չի թաքցնում իր համակրանքը Ստամբուլի ցուցարարների հանդեպ: Կարեւոր է նաեւ 2015 թ. մոտենալը, ինչպես նաեւ այն, որ ԱՄՆ արդեն չորրորդ նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Այնպես որ, լիովին հնարավոր է, որ մենք ականատեսը լինենք կտրուկ շրջադարձի ղարաբաղյան կարգավորման մեջ: Իսկ Ալիեւի եւ Սարգսյանի կոշտացող հռետորաբանությունն ընդամենը դրա նախերգանքն է:
նյութի աղբյուր` http://www.lragir.am/index/arm/0/politics/view/83930
Комментариев нет:
Отправить комментарий