02.07.2013

Նարկոլոգիական կենտրոնում 2 տարեկան երեխաներից թմրանյութ օգտագործելու անալիզ են վերցնում

Նարկոլոգիական կենտրոնում 2 տարեկան երեխաներից թմրանյութ օգտագործելու  անալիզ են վերցնում
«Նարկոլոգիական կենտրոնում մեծ ու մանուկ անալիզների համար մուծում են 20 000 դրամ: Ասում են՝ օրենքի պահանջ ա, ուրեմն օրենք գրողը չգիտի ՞, որ 2 տարեկան երեխեն կոկային չի օգտագործի, էլ չասեմ աղջիկ երեխեն»,- Panorama.am-ին դիմած քաղաքացիները վրդովված պատմում են ՝ Հանրապետական Նարկոլոգիական կենտրոնում իրենց հետ տեղի ունեցածի մասին:
Քաղաքացիները կասկած ունեն, որ իրենցից գումար են պահանջել, առանց դրա իրավունքն ունենալու. «Նարկոլոգիական կենտրոնում իրանց պահանջած 20 000 դրամը կարան նաև ջրեն, եթե մի քիչ համառություն ցուցաբերես: Անալիզի պատասխանը վերցնելու համար ինձնից գումար պահանջեցին, հետո էլ առանց գումարի ես էդ պատասխանը ստացա: Էդպես էլ չիմացա, փող վերցնելը քմահաճույք էր, կոռուպցիա, թե օրենքի պահանջ...»: 

Մհերն ու Ղազարը պատրաստվում են ընտանիքներով ՌԴ մեկնել՝ բնակություն հաստատելու, իսկ մինչ այդ՝ անհրաժեշտ որոշ փաստաթղթեր հավաքելու, դեսպանատուն ներկայացնելու համար կանգնել են փաստի առաջ:

Նարկոլոգիական կենտրոնի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը ևս տարակուսած է, թե ինչու ասենք 2 տարեկան երեխայի արյան մեջ պետք է օգտագործած նարկոտիկի քանակ ստուգեն: Բայց այս աբսուրդը ոչ թե իր ղեկավարած հանրապետական կենտրոնի՝ այլև ՌԴ դեսպանատան պահանջն է. ««Բարեկամություն» ծրագրի շրջանակներում Հայաստանից ՌԴ մեկնողներից ռուսական կողմը պահանջում է դեսպանատուն ներկայացնել նարկոլոգիական կենտրոնի տեղեկանքը այն մասին, որ ոչ միայն ընտանիքի հայրը կամ մայրը, այլև ասենք 2 տարեկան երեխան չի օգտագործել ափիոնատիպ կամ այլ թմրամիջոցներ: Եվ սա մեզ շատ հաճախ կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ, ընդհուպ լինում են կոնֆլիկտներ: Մենք մարդկանց անվերջ բացատրում ենք՝ դա մեր քմահաճույքը չէ: Ասում ենք՝ հարգելիներս, ոչ թե մենք կասկածներ ունենք, որ ձեր երեխան թմրանյութ է օգտագործում, այլ ռուսական կողմն է ձեզնից պահանջում, որպեսզի դուք այդ հետազոտության տեղեկանքը ներկայացնեք իրենց»:
Ինչ վերաբերում է Նարկոլոգիական կենտրոնում քաղաքացուց պահանջած 20000 դրամին, իսկ հետո նույն տեղեկանքը անվճար տրամադրելու փաստին, պարոն Սեմեջյանը պարզաբանեց այսպես. «Իրականում կա 2 տիպի տեղեկանք, նայած թե որի համար է դիմել Ձեր նշած քաղաքացին` մեկը դա Նարկոլոգիական կենտրոնում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքն է, քաղաքացին դիմում է և կենտրոնից այդ մասին տրվում է տեղեկանք ՝ անվճար, մյուսը դա տեղեկանք է, որը պահանջում է ՌԴ դեսպանատունը՝ բարեկամություն ծրագրի շրջանակներում ՌԴ-ում հաստատվողների համար: Նրանց պահանջով քաղաքացին անկախ տարիքից և սեռից պարտավոր է դիմել մեր կենտրոն՝ հետազոտվելու՝ արդյոք նա օգտագործել է ափիոնատիպ թմրամիջոցներ, և արդյոք մարդն օգտագործել է կանաբինոիդների տիպի թմրանյութեր: Այդ դեպքում մենք վերցնում ենք 2 տիպի արյան անալիզներ, կատարում ենք փորձաքննական անալիզներ և դա լուրջ աշխատանք է, ինչից յուրաքանչյուրի համար կա հաստատագրված վճար՝ 10 000-ական դրամ: Ընդհանրապես կա պետականորեն սահմանված վճար՝ յուրաքանչյուր տիպի թմրամիջոցների խումբն արժե 10 000 դրամ, ուստի այս երկու՝ ընդ որում Հայաստանում ամենատարածված տիպի թմրամիջոցների անալիզներն անցնելու և տեղեկանքն ստանալու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է վճարի սահմանված 20 000 դրամը: Եվ եթե մի օր նույն ՌԴ-ն որոշի հանկարծ ընդլայնել այդ թմրանյութերի խումբը՝ ասելով, որ այսուհետ պետք է հանձնեն նաև կոկայինի խումբը, ապա այդ դեպքում մեր քաղաքացիները ստիպված կլինեն պահանջվող տեղեկանքի համար վճարել 30 000 դրամ»:

Հեղինակ` Սյուզի Բադոյան
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий