19.08.2013

«Հայաստանի ձայն» նախագծի Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանն ամուսնացել է. ՖՈՏՈՇԱՐՔ


esyes.am  «Հայաստանի ձայնը» նախագծում Թաթայի թիմում հանդես եկող Իսկուհի Հովհաննիսյանը, ով հասավ մինչև եզրափակիչ փուլ, ամուսնացել է :) Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան Համլետ Վարդանյանն է, ում հետ նա մոտ երկուսուկես տարի նշանված է եղել: Զույգի տարիքային տարբերությունը 4 տարի է. Համլետը 25 տարեկան է, Իսկուհին՝ 21:


Համլետն ու Իսկուհին միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որից հետո մոտ երկու հարյուր հյուրերի հետ ռեստորանային համալիրներից մեկում կայացել է հարսանեկան խնջույքը: Զույգին «Հայաստանի ձայնից» շնորհավորելու էր գնացել Գևորգ Մարտիրոսյանը: «Քանի որ հանգստի շրջան էր, մյուսներն ուղղակի քաղաքում չէին կամ զբաղված էին»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Իսկուհին: Երգչուհու փոխանցմամբ՝ հայկական ավանդական հարսանիք են արել:


Իսկուհու փոխանցմամբ՝ հարսի զգեստն ԱՄՆ-ից էր պատվիրել: Հարսանյաց հանդեսի ժամանակ նա երկու զգեստ է հագել: «Երկրորդ զգեստս ևս սպիտակ էր, սակայն ավելի կարճ էր: Թեև որպես այդպիսին՝ հարսանեկան տեսք չուներ, զգացվում էր, որ հարսը ես եմ :) Առաջին զգեստս ավելի ծանր էր ու խանգարում էր ազատ լինել,- ասաց Իսկուհին ու հավելեց, որ շատ ակտիվ հարս է եղել. երգել, պարել ու լիաթոք ուրախացել է: -Ե՛վ վալս ենք պարել, և՛ հարսանեկան պար: Տորթի կտրման արարողության ժամանակ էլ երգել եմ»:
Պսակադրությունից հետո Համլետն ու Իսկուհին մեկնել են Բաթումի, որտեղ վայելել են ամառային մեղրամիսը: «Ամուսնությունից հետո կյանքս շատ է փոխվել դեպի ավելի լավը: Ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է դարձել»,- նշեց նա:


Իսկուհին պատմեց, որ սիրելին դեմ չէ, որ ինքը գործունեություն ծավալի երգարվեստում: Ավելին՝ «Հայաստանի ձայնին» մասնակցելու համար հենց Համլետն է գրանցել Իսկուհուն: «Իր ցանկությամբ եմ մասնակցել ու, կարծում եմ, կշարունակեմ աշխատանքային գործունեությունս: Ինքն է ինձ առաջնորդում այս ասպարեզում,- ասաց  երգչուհին ու նշեց, որ առաջիկայում աշխատանքային նորություններ չի ունենանա, քանի որ ամուսնու հետ պատրաստվում են շրջագայության մեկնել: - Հետագայում նորություններ անպայման լինելու են»:

Комментариев нет:

Отправить комментарий