slaq.am Երեկ Բաքվում կայացավ ՌԴ նախագահն Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո երկու նախագահների գլխավորությամբ ռուս և ադրբեջանական պատվիրակությունները ստորագրեցին մի քանի համաձայնագրեր` այդ թվում նավթի և գազի արդյունաբերության ասպարեզներում համագործակցության և երկու պետությունների սահմանին ճանապարհային կամուրջի կառուցման մասին: Հանդիպման վերաբերյալ Slaq.am-ը զրուցեց քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:
-Պրն. Գրիգորյան, կարելի՞ է ասել, որ Պուտին-Ալիև հանդիպումը նոր մակարդակի վրա կարող է դնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները:
-Ոչ: Հանդիպմանն այդպես էլ չտրվեցին մի շարք սկզբունքային հարցերի լուծումներ: Ստորագրվեցին էներգետիկ ոլորտի վերաբերյալ պայմանագրեր, բայց դրանք չեն շոշափում Ռուսաստանի համար կարևորագույն հարցը` Ադրբեջանը կհրաժարվի՞ այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ տեղափոխել, ակնհայտ է, որ ոչ, ուրեմն սկզբունքային հարց էներգետիկ ոլորտում չի լուծվել: Հաջորդ հարցը ԱՊՀ երկրների շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսներում Ադրբեջանի մասնակցությունն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ ասեց Ռուսաստանին: Մյուսը Ղարաբաղի հետ կապված հարցն է: Ըստ իս, այսօրվա Ռուսաստանը պատրաստ էր ավելի ուշադիր լսել Ադրբեջանին, եթե Ադրբեջանը մյուս երկու հարցերում զիջումների գնար: Ադրբեջանը չի սակարկում իր սուվերենությունը, որով էլ նաև Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց չի եղել: Դա է վկայում Պուտինի երեկվա այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Դրանից ակնհայտ է, որ սկզբունքային որևէ բան այդ հարցերում չի փոխվել:
-Իսկ այդ հանդիպումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:
-Այդ հանդիպումը կարող էր Հայաստանի վրա ազդեցություն ունենալ, եթե գոնե մեկ հարցում կողմերի դիրքորոշումը մոտենար, բայց քանի որ ոչ մի սկզբունքային հարցերում փոփոխություն չի կատարվել, ակնհայտ է, որ մեզ համար էլ բացասական որևէ բան տեղի չի ունեցել: Ի վերջո, Ռուսաստանը մինչ այդ հանդիպումը աննախադեպ քայլ արեց` Ադրբեջանին վաճառելով շուրջ 1 մլրդ դոլարի հասնող հարձակվողական զենք: Ի վերջո, դա Ռուսաստանի կողմից ժեստ էր, սակայն Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային հարցերում չի փոխվել:
-Պրն. Գրիգորյան, այն հանգամանքը, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան արդեն որերորդ անգամ է հետաձգվում է, իսկ Ադրբեջան նա չի զլանում այցելել, ինչ-որ բան մեզ հուշու՞մ է:
-Չեմ կարծում: Նախևառաջ հենց այնպես պաշտոնական այց կատարելն այժմ ընդունված ձև չէ: Այցելությունները նախապատրաստվում են, փաստաթղթեր են պատրաստվում, որոնք պետք է ստորագրվեն, իսկ եթե ճիշտը խոսենք` Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր գլխավոր փաստաթղթերը վաղուց ստորագրված են, նրանք ռազմավարական գործընկերներ են ու պետք է լուրջ առիթ լինի, որպեսզի ՌԴ նախագահն այցելի Հայաստան: Պետք չէ այցի հետաձգումը մեկնաբանել որպես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Մյուս կողմից պետք է նկատել, որ Ռուսաստանը վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք ժեստեր է արել ի օգուտ Ադրբեջանի, սակայն Ադրբեջանն այդպես էլ դրական պատասխան ու արձագանք չի տվել: Եվ քանի որ Ադրբեջանը գլխավոր հարցերում զիջումների չգնաց, Ռուսաստանը կմնա իր դիրքերում նաև Ղարաբաղի հարցում:
Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/147831/
Комментариев нет:
Отправить комментарий