Այս գործով դատապարտվել են Սահակ Ասիլբեկյանը և Ալիկ Հակոբջանյանը:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող, շարքային Սահակ Ասիլբեկյանը 2011 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 29-ը պարբերաբար ստորացրել է շարքային Ալլահվերդյանի պատիվն ու արժանապատվությունը, բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Լսելով, որ Ալլահվերդյանը մեկ ուրիշին «արա» է ասել, Ասիլբեկյանը միջամտել է, բռունցքով հարվածել ու ապտակել նրան: Այնուհետև պարբերաբար ապտակներ է հասցրել ու ծեծել՝ ստելու, դիրքի դիտակետում քնելու համար, այլևայլ պատրվակներով: Հայհոյանք է տվել նրա ու նրա հարազատների հասցեին, ստորացրել է: Ստիպել է, որ Ալլահվերդյանն իր փոխարեն կատարի մի շարք տնտեսական աշխատանքներ, որոնք իրեն, ըստ երևույթին, վայել չի համարել. ափսեներ լվանալ, զենք մաքրել, տարածքը մաքրել և այլն:
Իրեն «հեղինակություն» համարող Ասիլբեկյանն աստիճանաբար անցել է այլ ճնշումների. Ալլահվերդյանին սպառնացել է, թե զորամասում բոլոր զինծառայողների ներկայությամբ կանվանարկի նրան, կծեծի և պահանջել է 50 հազար դրամ:
Ըստ դատական ակտի՝ Էդվարդ Ալլահվերդյանը, չդիմանալով համածառայողի գործադրած ստորացուցիչ հալածանքներին, 2011 թվականի հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 6-ն անց 45-ի սահմաններում ինքնասպանություն է գործել՝ իրեն ամրակցված ինքնաձիգով կրակելով իր կզակային շրջանին: Զինվորը տեղում մահացել է՝ հրազենային միջանցիկ վնասվածք ստանալով:
Ալլահվերդյանի ինքնասպանության համար մեղադրանք է առաջադրվել նաև ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալիկ Հակոբջանյանին, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով դիրքի ավագ, նկատելով, որ իր ենթակա զինծառայող Ասիլբեկյանի փոխարեն տնտեսական աշխատանքները կատարում է նույն դասակի մեկ այլ զինծառայող՝ Ալլահվերդյանը, չի խափանել կարգի խախտումը, միջոցներ չի ձեռնարկել արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ, տեղյակ չի պահել վերադաս հրամանատարությանը, այլ միայն բավարարվել է Ասիլբեկյանին բանավոր դիտողություն անելով:
Բացի դրանից, Հակոբջանյանը, հուլիսի 28-ին, հանդիսանալով դիրքի ավագ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել. նկատելով, որ Ասիլբեկյանը անպարկեշտ կերպով ստորացնում է Ալլահվերդյանի պատիվն ու արժանապատվությունը, ցուցաբերել է փոքրոգություն, չի խափանել Ասիլբեկյանի գործողությունները, կատարվածի մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Դատարանում Սահակ Ասիլբեկյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, թե նախաքննական ցուցմունքները տվել է ճնշված վիճակում: Ինքն Ալլահվերդյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, նրա հետ ընդհանրապես չի վիճել, չի հայհոյել, գումարի վերաբերյալ խոսակցություն չի ունեցել:
Դեպքից հետո կրակոցի ձայնի վրա վազել է դիտակետ, տեսել, որ Ալլահվերդյանը նստած է՝ մեջքը պատին հենած, ինքնաձիգը՝ ոտքերի տակ: Նրա բերանը բաց է եղել, բերանի մեջ արյուն է եղել, ու ինքը հասկացել է, որ Էդվարդն իրեն գլխից խփել է: Վախից լացելով վերադարձել է գետնատնակ:
Ալիկ Հակոբջանյանը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե հերթափոխի ընթացքում նկատել է, որ Ալլահվերդյանը Ասիլբեկյանի փոխարեն տնտեսական աշխատանքներ է կատարում: Հարցրել է նրան, թե ինչո՞ւ է Սահակի փոխարեն կատարում այդ աշխատանքները, բայց Էդվարդն ամաչել ու ոչինչ չի պատասխանել: Ինքը Սահակին էլ է հարցրել, վերջինս արհամարհական ձևով պատասխանել է. «Դա քո գործը չի: Որ ես եմ մաքրել տալի, դրա պատասխանը ես եմ տալու»:
Հուլիսի 28-ին ինքը գետնատնակում քնած է եղել, արթնացել է բարձր ձայներից: Լսել է, որ Սահակը մեկին հայհոյում է. «Ինձ խաբողի...»: Ինքը դուրս է եկել, տեսել է Էդվարդին, ով ընկճված է եղել ու պատմել է, որ Սահակը հայհոյել է իր ընտանիքի անդամներին: Էդվարդը խնդրել է իրեն մենակ թողնել: Ինքը նրան համոզել է, վերադարձրել դիրք, ապա մոտեցել է Սահակին ու ասել. «Որ մարդու հոգեբանություն չգիտես, մի կպի, տենց բաներ մի ասա»: Սահակն էլ պատասխանել է. «Ես գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ ուղղություն ցույց մի տուր»:
Հակոբջանյանն ընդունել է, որ երկու դեպքում էլ բանավոր դիտողություն է արել Սահակ Ասիլբեկյանին, բայց նրանից վախենալով՝ այլ բան չի ձեռնարկել:
Ընդհանուր իրավասության դատարանը Սահակ Ասիլբեկյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի օգոստոսի 9-ից:
Ալիկ Հակոբջանյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրից:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել:http://www.1in.am/arm/armenia_right_208135.html
Комментариев нет:
Отправить комментарий