21.08.2013

Վանաձորում ընտրություննե՞ր են

pastar 2 (1)  
Աշխարհում փորձված մեթոդ է՝ գովազդն ու հայտարարությունը խթանիչ միջոց են հանդիսանում առք ու վաճառքի համար:
Հետեւելով այս «չգրված օրենքին», վանաձորցիներից ոմանք իրենց հայտարարությունները տալիս են հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ էլ տպագիր մամուլի միջոցով, ոմանք էլ ընտրում են ավելի հեշտ եւ անվճար տարբերակը. իրենց հայտարարությունները փակցնում են քաղաքի տարբեր հատվածներում, հայտարարությունների համար նախատեսված հատուկ վայրերում: Իսկ եթե այնտեղ տեղ չկա, կամ պոկում են մեկ ուրիշի փակցրած հայտարարությունը, կամ էլ փորձում են գտնել ավելի հարմար վայր իրենց հայտարարության համար. ասենք՝ խանութի, բնակելի շենքերի կամ այլ կառույցների պատերը:
-Տարբեր թաղամասերում հայտարարությունների տախտակներ կան, որոնք անվճար են: Բայց պետք է ասեմ, որ մեր քաղաքացիները շատ վայրենաբար են վարվում, եթե այդ պահին հայտարարության տախտակի վրա տեղ չկա, ուրեմն փակցնում են պատերի վրա ու ապականում մեր շենքերն ու ճարտարապետությունը,- նշեց Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը:
Այսօր Վանաձորում կան հայտարարության համար նախատեսված 3 կլոր վահանակներ, որոնք համայնքի Ավագանու որոշմամբ տրվել են մասնավոր անձի:
-Նախագծային փուլում են աշխատանքները: Մի նախագիծ ներկայացվել էր, համայնքի ղեկավարը չհամաձայնեց, լրամշակման է ուղարկվել, երբ որ արդեն այն կլինի մեր պահանջներին բավարարող նախագիծ, կտանք թույլտվություն, որպեսզի դրանց փոխարեն նորը կառուցեն: Իսկ այդ դեպքում վահանակները կլինեն վճարովի,- ասաց Տ. Պապանյանը:
Ինչեւէ, սպասենք վահանակների նոր դիզայնին: Իսկ մինչ այդ նշեմ, որ այսօր Վանաձորի մի շարք կառույցների պատերը «զարդարում են» ոչ միայն քաղաքացիների կողմից փակցված ու կիսապոկված հայտարարությունները, այլ նաեւ 2012 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցած թեկնածուներից շատերի պաստառները:
-Ես չեմ բացառում, որ կան, քաղաքի կենտրոնում էլ կա, բայց սրանք այն տեղերն են, որոնք համայնքը չի հատկացրել: Օրենքը թույլ է տալիս շենքի կառավարող մարմնի հետ պայմանագիր կնքելով՝ այդ շենքի պատին պաստառ փակցնել: Ընտրությունների ժամանակ մենք յուրաքանչյուր ընտրատեղամասի համար հայտարարությունների տեղ ենք հատկացնում, իսկ հետագայում այդ տեղերը մաքրում ենք: Բայց մեր թեկնածուները, կուսակցությունները չբավարարվելով հատկացված տեղերով եւ համատիրությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով, տանում, փակցնում են իրենց պաստառները,- մեզ հետ զրույցում նշեց Տ. Պապանյանը:
Այս դեպքում հարց է առաջանում, ո՞վ պետք է հանի պաստառները հետագայում, կամ գոնե հետամուտ լինի, որպեսզի ժամանակին հանվեն:
-Սրանց պատասխանը պետք է տան համատիրություններ, թեկնածուները կամ կուսակցությունները, որոնք այդ պաստառները փակցրել են: Կոպիտ ասած՝ նրանք իրենց գործը չեն կատարում, քաղաքապետարանը իր հատկացրած բոլոր  58 տեղերը մաքրել է: Իսկ ըստ ընտրական օրենսգրքի, ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարելուց հետո, պետք է հանվեն այդ պաստառները,- նկատեց Վանաձորի գլխավոր ճարտարապետը:
Տիգրան Պապանյանը նշեց նաեւ, որ մինչ այժմ ոչ մի տուժ-տուգանք չի կիրառվել ոչ համատիրության, ոչ էլ թեկնածուների նկատմամբ, սակայն հավելեց նաեւ, որ եթե նրանք չմաքրեն այդ պաստառները, ապա ստիպված կլինեն գնալ այդ քայլին:

Տաթեւիկ Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий