2013 թվականի հունվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում Երևանի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում 53-ամյա Սերգո Երեմյանը փաստացի իրեն պատկանող տանը վիճաբանության մեջ էր մտել Նոր տարին շնորհավորելու համար այցելած ծանոթի՝ Արա Հունանյանի հետ:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նախկինում սպանության համար դատապարտված լինելով՝ Երեմյանը, օգտագործելով հյուրի կողմից իրեն դիտողություն անելու չնչին առիթը, խուլիգանական դրդումներով Արային կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր առարկաներով հարվածել, բազմաթիվ վնասվածքներ էր պատճառել ու սպանել նրան:
Երկու ժամ անց հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, «ոտնահարելով բարոյականության համընդհանուր նորմերը և գիտակցելով իր գործողությունների առանձին դաժան բնույթը», Սերգո Երեմյանը դանակով ու կացնով որովայնի շրջանից երկու մասի էր բաժանել հաղթանդամ Հունանյանի մարմինը, դուրս բերել տնից ու թաքցրել տան հետնամասում եղած փոսի մեջ՝ ծածկելով խոտերով, մետաղե առարկաներով: Ապա փակել էր տան դուռն ու հեռացել:
Հարազատներն Արա Հունանյանին փնտրել էին: Դիակը հայտնաբերել էր Արայի հայրը՝ իր ձեռքերով բացելով Երեմյանի կողմից հապճեպ ծածկված փոսը:
Նախաքննական մարմինը Սերգո Երեմյանին մեղադրանք էր առաջադրել խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով:
Դատարանում Սերգո Երեմյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է նախաքննական խոստովանական ցուցմունքներից: Նա հայտնել է, թե դեպքի օրը բոլորովին չի տեսել Արային: Իր տան բանալու տեղն իմացել են ընկերները, կարող էին դուռը բացել, ներս մտնել ու վիճաբանության ժամանակ սպանել տուժողին:
Ընդհանուր իրավասության դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները: Այն, որ նա է սպանել Հունանյանին, դատարանն ապացուցված է գնահատել:
Միաժամանակ, դատարանը հիմնավորված չի համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը, այն, որ Երեմյանն Արա Հունանյանին սպանել է խուլիգանական դրդումներով ու առանձին դաժանությամբ:
Դատարանը եկել է եզրակացության, որ չի հիմնավորվել, թե տուժող Հունանյանին մեծաքանակ հարվածներ հասցնելով՝ Սերգո Երեմյանը ցանկացել է հատուկ տանջահարման եղանակով նրան սպանել:
Ըստ դատարանի՝ պարզվել է, որ մարմնական վնասվածքները տուժողին պատճառվել են փոխադարձ կռվի ընթացքում, ինքը՝ Երեմյանը նույնպես վնասվածքներ է ստացել:
Տուժողի դիակը մասնատելուց առաջ Երեմյանը ստուգել ու պարզել է, որ նա մահացած է, իսկ դիակի մասնատումը առանձին դաժանությամբ սպանության հատկանիշ չէ, դիակի մասնատման ժամանակ ամբաստանյալը չէր կարող ֆիզիկական ցավ կամ տանջանքներ պատճառել տուժողին:
Դատարանը հիմնավորված է համարել, որ սպանությունը կատարվել է փոխադարձ կռվի, ծեծկռտուքի ժամանակ, ո՛չ խուլիգանական դրդումներով:
Արդյունքում Սերգո Երեմյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 10-ից:
Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ Երեմյանից կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:
Երեմյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 306 հազար 600 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:
Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_right_209783.html
Комментариев нет:
Отправить комментарий