23.10.2013

Հակառակորդի կողմից կրակ բացելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից կրակ բացելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Բերդ-Իջեւան ճանապարհին հակառակորդի կողմից մեքենաների վրա կրակ բացելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի (սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 13-րդ կետերի հատկանիշներով (սպանության փորձ երկու կամ ավելի անձնաց նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) եւ Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): 

Комментариев нет:

Отправить комментарий