Մարտի 27-ին աշխարհի մշակութային
հանրությունը նշում է Թատրոնի միջազգային օրը: Հայ թատրոնի պատմությունը հազարամյակների
խորքից է սկիզբ առնում: Ավանդաբար հայկական թատրոնը ներկայացրել է ինչպես համաշխարհային
գլուխգործոցներ, այնպես էլ ազգային հենքով բազմաթիվ ստեղծագործություններ: Որպես հանդիսատես,
այն կարծիքին եմ, որ թատերական արվեստն ամենաանկեղծ երկխոսությունն է հանդիսատեսի հետ,
և իր արդիականությունը երբեք չի կորցնի:
Այսօր էլ բավականին մեծ եռանդով
ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել հայ թատրոնի ավանդույթները:
Վանաձորը, որպես մշակութային
քաղաք և հավատարիմ իր ավանադույթներին, ունի հարուստ թատերական պատմություն: Այդ ավանդույթների
պահպանման գործում իր ներդրումն ունի նաև Վանաձորի քաղաքապետարանը: Այսօր Վանաձորում քաղաքապետարանի ենթակայության
տակ գործում են Տիկնիկային և Բոհեմ կամերային թատրոնները: Ստեղծման օրվանից մեր թատրոնները
մասնակցել են մի շարք թատերական փառատոների, հանդիսատեսների դատին են ներկայացվել բազմաթիվ
ստեղծագործություններ, ելույթներ են ունեցել ոչ միայն Վանաձորում և Լոռու մարզի համայնքներում,
այլև հանրապետության այլ քաղաքներում և արտերկրում, և ամենուր բարձր են պահել մեր քաղաքի
և պետության պատիվը:
Շնորհավորում եմ Հովհ. Աբելյանի
անվան պետական թատրոնին, Բոհեմ կամերային թատրոնին, Տիկնիկային թատրոնին և ընդհանրապես
մեր հանրապետության թատրոններին, նրանց ստեղծագործական կոլեկտիվներին, թատերական գործիչներին
մասնագիտական տոնի` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում լեփ-լեցուն դահլիճներ,
բուռն ծափահարություններ և ամենակարևորը՝ հանդիսատեսի սեր ու հարգանք:
Հավատարիմ լինենք թատրոնի փիլիսոփայությանը,
հաճախ այցելենք այդ հրաշալի եվ գեղեցիկ աշխարհը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան
Комментариев нет:
Отправить комментарий