07.03.2014

Շնորհավո՛ր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ

File:Vanadzor-Qaghaqapetaran.jpg Մեր շատ սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Սեր ու երջանկություն եմ մաղթում, դրանք են կարևորն այս կյանքում, և թող կատարվեն ձեր բոլոր երազանքները: Թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում: Կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:
Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը, ինչպես նաև պահպանել է ավանդույթները և արժեքները: Նրա դերը մեր կյանքում անգնահատելի է, ու դա ուղղակի անհերքելի փաստ է:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում ոչ պաշտոնապես համարվում է կանանց մեկամսյակ: Սակայն կցանկանայի, որ հայ տղամարդը յուրաքանչյուր օր տոնի վերածեր մեր շատ սիրելի կանանց համար:
Պատահական չէ, որ այս գեղեցիկ տոնը գարնան օրերից մեկն է, քանզի դուք՝ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր, գարնան արևի պես տաքացնում եք մեր բոլորի սրտերը, գարնան բուրավետ ծաղիկների պես գեղեցիկ, հմայիչ, նուրբ ու քնքուշ եք, տարվա բոլոր եղանակներին դուք միշտ գարուն եք բերում և տարածում ձեր շուրջը: Միշտ շրջապատված լինեք մարդկանցով, ովքեր գնահատում, սիրում ու հարգում են ձեզ, ում համար դուք թանկ եք ամեն ինչից, և թող ժպիտը  ձեր դեմքից անպակաս լինի:
Եվս մեկ անգամ սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց և աղջիկներին, մայրերին և քույրերին գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի և հայ կանանց մեկամսյակի առթիվ:


Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

Комментариев нет:

Отправить комментарий