22.04.2014

ՀՀ նախագահը եղավ «Թեղուտ» ընկերությունում


Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր: ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա եղավ Թեղուտի հանքավայրում: Երկրի նախագահը շրջեց պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում, ծանոթացավ Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացավ ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Սերժ Սարգսյանը այնուհետև զրուցեց ընկերության աշխատակիցների հետ, ովքեր հիմնականում շրջակա համայնքներից են:
«Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը մասնակցեց Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին:
Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը ՀՀ նախագահին զեկուցեց, որ ծրագրով նախատեսվում է անտառապատել 714 հա տարածք՝ հատման ենթակա անտառի կրկնակի մակերեսով: Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա:
Շնորհանդեսի ժամանակ նշվեց, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա տարածքում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա տարածքում:
Զեկուցվեց նաև, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են վաղեմի քաղաքակրթության և մշակույթի գոյության մասին վկայող հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Ընկերության ֆինանսավորմամբ՝ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ և ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
Սերժ Սարգսյանին ներկայացվեց նաև «Թեղուտ» ընկերության սոցիալական քաղաքականությունը: Ընդգծվեց, որ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը Թեղուտ և Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել է շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ դրամի սոցիալական ծրագրեր:
Վ. Մեջլումյանի հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական զարգացման առումով: Հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն՝ ընկերությունն ունի մոտ 1.200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230՝ Շնողից, 430՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 295 հազար դրամ:
http://lori.gov.am/news/item/2014/04/22/news/

Комментариев нет:

Отправить комментарий