01.02.2012

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ակտիվացած սողանքի պատճառով 91 տուն հայտնվել է փլուզման վտանգի տակ (ֆոտո,Վիդեո)



Տավուշի մարզում գտնվող Գետահովիտ գյուղում մինչ օրս շարունակվում են սողանքային երեւույթները: Հիշեցնենք, որ դեռեւս 2011-ի հունիսի 4-ին
, Գետահովիտ գյուղի հին գերեզանատան վերեւի թաղամասում ակտիվացել էին սողանքային երեւույթները, ինչի հետեւանքով այդ ժամանակ սողանքային վտանգավոր գոտում էին հայտնվել 6 բնակելի տուն 30 բնակչով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գետահովիտ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանն ասաց, որ սողանքային երեւույթներ գյուղում նկատվել են դեռեւս 1993 թվականից: Նրա խոսքով, դեռ այն ժամանակ 6 տնտեսության պետության կողմից տրամադրվեց փոխհատուցում 100 տոկոսով, մոտ 16 տնտեսության էլ` մասնակի: Սողանքային երեւույթներն առավել ակտիվացան 2011թ-ի հունիսի 6-ից:















Խնդրի մասին գյուղապետը տեղեկացրել է համապատասխան բոլոր մարմիններին: «Արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարզպետարանից, կառավարությունից եկան, տեղում ստուգեցին, անմիջապես մեկ տնտեսության տարհանեցինք, համայնքի միջոցներով տուն վարձեցինք»,-նշեց գյուղապետն ու հավելեց, որ եւս 91 տուն գտնվում է վտանգավոր գոտում, թվով 351 բնակիչ մինչ օրս շարունակում են ապրել այդ պայմաններում:

<Բազմիցս դիմել ենք, եկել, նայել են, բայց դեռ ոչ մի արդյունք չկա: Թաղամասն ամբողջովին սողանքի գոտում է»,-ասաց նա: Գյուղապետը մտավախություն ունի, որ ամեն րոպե այդ տներն ամբողջությամբ կարող են հայտնվել հողազանգվածի տակ. «Հիմա եղանակները ցուրտ է, դեռ էդքան վտանգ չկա, բայց որ հալոցքները սկսվեցին, ահավոր կլինի վիճակը>:


Գյուղապետի կարծիքով, առաջին հերթին պետք է գոնե վտանգավոր գոտում հայտնված ընտանիքներին ապահովել այլ կացարանով, որն այսօր համայնքի միջոցներով անհնարին է: «էսօր ինչ-ինչ պատճառներով աշխատանքները ձգձգվում են` վտանգելով բնակիչները կյանքը, իսկ բնակիչներն էլ ստիպված շարունակում են ապրել իրենց տներում, քանի որ ուրիշ ելք չունեն>:



NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վտանգավոր գոտում հայտնված բնակիչները դժգոհեցին, որ իրենք այսօր շարունակում են ապրել փլված տներում, քանի որ գնալու ուրիշ տեղ չունեն: «Մենք էլ գիտենք, որ փլվում է, բայց ո՞ւր գնանք: Ամեն օր մի նոր խորը ճաք ենք հայտնաբերում, մի մեքենա որ անցնում է, տունը շարժվում է, բայց դե ճարներս ինչ…>,-ասացին նրանք:

Նշենք, որ 2011թ-ի նոյեմբերի 18-ին կատարված Գետահովիտ համայնքի ակտիվացած սողանքի ակնադիտական ուսումնասիրության եզրակացության մեջ նշված է, որ Գետահովիտ համայնքի հին գերեզանատան վերեւի թաղամասի սողանքային տարածքն ընդգրկում է մոտ 5 հա մակերես, որն ընդգրկված է նաեւ հանրապետությունում առավել ակտիվ սողանքային տեղամասերի ցանկում:

Ակնադիտական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սողանքային գոտում գտնվող բնակելի տների կոնստրուտկտիվ տարրերում առաջացել են զգալի, իսկ որոշ տեղերում ուժեղ վնասվածքներ, դեֆորմացիաներ, քարաշարվածքով պատերում էլ մինչեւ 20մմ բացվածքի լայնությամբ միջանցքի ճաքեր:
<Հաշվի առնելով այն հանգանանքը, որ այդ տները գտնվում են ակտիվ սողանքային գոտում, որտեղ իրականացված չեն հակասողանքային միջոցառումներ եւ նպատակահարմար չէ իրականացնել նշված բնակելի տների վերականգնման աշխատանքներ, մասնագետներից կազմված խումբը տվել է եզրակացություն, ըստ որի դրանք հանդիսանում են բնակության համար վտանգավոր: Նույն եզրակացության վերջաբանում ասված է նաեւ, որ առաջնահերթ անհրաժեշտ է իրականացնել սողանքից վնասված եւ վթարային վիճակում գտնվող անհատական բնակելի տների բնակիչների վերաբնակեցում` տարհանում»,-ասված է 2011թ-ի նոյեմբերի 18-ին ակնադիտական ուսումնասիրության եզրակացության մեջ:

lorinews.com


Комментариев нет:

Отправить комментарий