09.08.2012

«Բազե»–ն 10 տարեկան է. հոբելյանական հավաք Ծաղկաձորում



Այս տարի լրանում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տասնամյակը։ Հոբելյանական հավաքին նախատեսվում է տոնական համերգային ծրագիր, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բազե»-ի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը:

«Այս տարի Ծաղկաձորում օգոստոսի 13-19-ը կայանալու է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Բազե հավաքին կմասնակցեն Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ, յուրաքանչյուրում յոթ մասնակից»,– ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ հավաքի ընթացքում 18-30 տարեկան ավելի քան 300 երիտասարդ կհամախմբվի ՀՀ պետական դրոշի ներքո։

Հովհաննես Գաբրիելյանը նաև ասաց, որ «Բազեն ապաքաղաքական» կառույց է, իսկ հարցին, թե ով է հովանավորում «Բազեն», վերջինս պատասխանեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի ղեկավարը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Tert.am-ի հարցին թե «Բազե»-ի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը ո՞ր կուսակցությանն անդամն է, վերջինս նշեց, որ դա կարևոր չէ:

«Դա Բազեին չի վերաբերում, այո, ես կուսակցության անդամ եմ, բայց չեմ ասում՝ որ»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ «Բազե»–ում վեր են բարձրացվում ընկերասիրությունն ու հայրենասիրությունը։

Комментариев нет:

Отправить комментарий