28.12.2012

Գուրգենը կնոջ հետ ծեծել ու խոշտանգել է իր հարազատ մորը և 82-ամյա տատիկին

    Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանների գործի դատավարությունը:
Նույն ազգանունը կրող այս մարդիկ այր ու կին են, ոչ միայն՝ մեկ մարմին, այլև, ըստ մեղադրանքի՝ մեկ բռունցք, մեկ դիտավորություն:
30-ամյա Գուրգենն ու 27-ամյա Սյուզաննան մեղադրվում են իրենցից նյութական և հարազատական կախվածության մեջ գտնվող երկու կանանց՝ Գուրգենի մորը՝ Թագուհուն և 82-ամյա տատիկին՝ Նազիկին, 2012 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում տան հետ կապված և կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ընթացքում ծեծի, մարմնական և հոգեկան տառապանքների՝ խոշտանգումների, դիտավորությամբ ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Որդին՝ ոչ օտար մեկը, բռնությունների է ենթարկել հարազատ մորը և տատին, վնասվածքներ պատճառել լույս վառելու, հաց ուտելու, ոչ իր ուզածով շարժվելու, տունն իրեն չտալու, պարզապես շնչելու և գոյություն ունենալու համար: 
Ամուսինների գործած հանցավոր արարքները փաստող բժշկական եզրակացություններ են հավաքված քրեական գործում, ծեծված ու խոշտանգված կանանց կողմից ոստիկանություն կատարած պարբերական ահազանգերը, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ, որոնցով տեր և տիկին Գրիգորյանները ճանաչվել են մեղսունակ:
Երբ տուժողներն այլևս հնարավոր չեն համարել իրենց զավակի ու թոռի հետ մեկ հարկի տակ ապրելը, առանձնացել են, բայց դրանից նրանց հարաբերությունների շիկացածությունը չի թուլացել: 
Ըստ մեղադրանքի՝ որդին ու նրա կինը՝ խումբ կազմած, շարունակել են իրենց անմարդկային վերաբերմունքով, ատելությամբ ու չարացածությամբ կեղեքել և տանջել տուժող կանանց: 
Այսօր դատարանի դահլիճում ամբաստանյալների երեխան էր՝ դուստրը: Ատելության մթնոլորտում մեծանալու դառնությունը ճաշակած երեխան, տեսնելով իր ծնողների վերաբերմունքը տատիկների նկատմամբ, վաղը ի՞նքն ինչ վերաբերմունք պիտի ցուցաբերի իր ծնողների հանդեպ:
Այսօրվա չարությունը վաղը կարող է բումերանգի պես հարվածել ծնողի վրա ձեռք բարձրացնողներին:
Կալանքի տակ գտնվող Գուրգենը կարոտով էր նայում դստերը: Բայց չէ՞ որ ինքն էլ իր մոր երեխան է, իրեն էլ, հարկավ, լույս աշխարհ բերելուց հետո խնամել, սիրել ու մեծացրել էին: 
Իհարկե, կարող է պատահել, որ ծնողն ու զավակը միմյանց չհասկանան, չկարողանան համատեղ ապրել, միմյանց տեսնել անգամ չցանկանան: Այդ դեպքում կարող են պարզապես իրար չհանդիպել, միմյանցից զատված ապրել ու կուլ չգնալ կույր ատելությանը, պահպանել գոնե մարդկային դեմքը՝ սեփական խղճի հանդեպ: 
Բայց չար համառությամբ ահա, այսպես, մարդը կարող է դժոխքի վերածել կյանքը, բռնանալ ծնողի վրա, տատիկի գլխին ու անզոր մարմնին տղամարդկային ուժեղ ձեռքերով հարվածներ հասցնել, կնոջ անմարդկային վերաբերմունքը չսաստել և շարունակել սեփական ճշմարտացիության դրոշը թափահարել՝ խաբելով առաջին հերթին հենց իրեն ու իր զավակներին:
Այսօր դատարան չէին ներկայացել տուժող կանայք՝ ամբաստանյալ Գուրգենի մայրն ու տատիկը: Նրանք գրավոր տեղեկացրել էին, որ վատառողջ են, ու խնդրել էին դատական նիստը հետաձգել:
Դատարանը հարգելի համարեց տուժողների բացակայությունը: Նախորդ նիստին դեռ տատիկը լավ չէր զգում, նրան մեծ դժվարությամբ դահլիճ բերեցին, հետո էլ դուրս տարան...

http://www.1in.am

Комментариев нет:

Отправить комментарий