02.01.2013

Տոնական լի սեղանները պայմանավորված են մեր ազգի շատ դրական և շատ լավ հատկությամբ. Արմեն Պողոսյան



Գրեթե բոլորի տներում տոնական լի սեղանները «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը չափազանց դրական է համարում և նշում, որ ծնողների ջանքերը նման պայմաններում պետք չէ թերագնահատել և հեգնել, թե պարտքով Նոր տարի են դիմավորում:

«Ընտանիքներում նման լի սեղանները կապված են մեր ազգի շատ դրական և շատ լավ հատկության հետ, բոլոր ծնողները ցանկանում են, որ իրենց տանը, երեխաների համար լինի պատշաճ սեղան, ինչը շատ ողջունելի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Բայց թե պարտքերի հաշվին արժե, թե ոչ, նա դա հարցի մյուս կողմն է համարում:

«Իհարկե, ցավալի է, որ մարդիկ այդ օրվա համար իրենց բոլոր տարվա պաշարներն են ծախսում: Օրինակ՝ մի քանի մարդ գիտեմ, որ նույնիսկ վարկ են վերցրել: Միևնույն է, ամեն դեպքում սա գովելի է»,-պնդեց ՀԿ-ի նախագահը:

Արմեն Պողոսյանի խոսքով, եթե Հայաստանում ընդամենը 10-12 տոկոսը հնարավորություն ունի իրեն նման ճոխություն թույլ տալ, ուրեմն տարվա մեջ մի անգամ մյուսներն էլ այդ իրավունքն ունեն:
«Հայաստանում թերևս միայն 10-12 տոկոսն է, որ կարող է իրեն թույլ տալ իր ուզած ձևով Նոր տարի նշել, դա մի խավ է, որի համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչքան արժե դղյակն ու ավտոն, բայց 80% ունենք, որ սուղ վիճակում են, ու որ այսպես տոներ են դիմավորում, միթե ողջունելի չէ, թեկուզև ստիպված»,-նշեց նա:

Комментариев нет:

Отправить комментарий