
Գյումրեցին չփլաղ կմնա, բայց անպայման Նոր տարին կնշի՝ ձև չկա, դա սրբության սրբոց է. Tert.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց գյումրեցիների՝ Ամանորին պատրաստվելու սովորությունը Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրի քաղաքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
«Բոլորն էլ նշում են, մեկը պարտքով է անում, մյուսինը դրսից է գալիս. որկրամոլության, սեփական «ես»-ը հաստատելու, տարվա ընթացքում սեփական ընտանիքի բարեկեցությունն ակնկալելու ձև է»,-ասաց նա:
Միաժամանակ ավագանու անդամը նշեց, որ պետք չէ գյումրեցիներին առանձնացնել, քանի որ նրանց Նոր տարին դիմավորելու պատրաստությունը գրեթե չի տարբերվում հանրապետության մյուս շրջանների բնակիչների պատրաստությունից:
«Ով ինչ ունի ծախսում է, որպեսզի Ամանոր նշի: Տեխնիկական իմաստով ձևը նույնն է, ամեն մարդու սեղան պետք է շատ ծանր լինի. ոչ մի հորդոր, խրատ չի ազդում»,-ասաց նա:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ չնայած սոցիալական ծանր վիճակին, կերակրատեսակներ կան, որ բոլորի տանն էլ պարտադիր պետք է լինեն:
«Իսկապես ով ինչ ճարում է լցնում է սեղանին, մեկը բլինչիկն ավանդական ձևով է անում, մյուսը մի քիչ էժան, մարդ կա կարտոֆիլով է անում, մարդ կա` տոլման է կարտոֆիլով անում: Աղքատության շերտը շատ մեծ է, տասը տարբեր խավերի տներ մտնենք, բլինչիկներ կլինեն անպայման, բայց տարբեր համերով: Պասուց տոլմայի հարցում Գյումրիում ձավարովն է ընդունված, իսկ Երևանում, Արարատյան դաշտում և այլ վայրերում ավելի խառն է»,- փորձեց տարբերություն գտնել գյումրեցին:
Նորություններից, ըստ հնարավորությունների, գյումրեցիների սեղաններին Լևոն Բարսեղյանը հնդկահավ է քիչ-քիչ տեսնում, ինչը նա շուկայով է պայմանավորում, ոչ թե ավանդույթների հետ կապում, մի քանի տարի է նաև, ըստ նրա, անանաս է հայտնվել սեղաններին:
«Ավանդույթները պահպանվում են՝ այցելություններ, թազա հարս ու փեսեքը գնան ֆռան, սառեն»,- նշեց նա:
Նախորդ տարիների համեմատ, այս տարի, ըստ ավագանու անդամի, իրենք արդեն տեղյակ են, թե քաղաքում, օրինակ, տոնածառի զարդարանքների կամ տոնական միջոցառումների համար քաղաքապետարանը որքան գումար է ծախսել:
«Տոնական միջոցառումներ կազմակերպվում են, այս տարվա տոնածառը նախորդ տարվանն է, բայց նախորդ տարուց ավելի լավն է, զարդարանքները ճոխ են և հետո հայտնի էր` այս տարի ինչքան էր տոնածառի համար ծախսվել: 3 մլն պետք է արժենար, բայց կեսն է ծախսվել, 2,5 մլն էլ ծախսվել է տարեմուտի միջոցառումների համար, 2 մլն` լավագույն սպորտսմեններին պարգևատրելու համար, 2,5 կամ 3 մլն դրամի էլ,ավագանու որոշմամբ, մանկապարտեզների բոլոր սաներին և մի շարք անօթևան երեխաների տոպրակներ են տրամադրվել, նաև զոհված ազտամարտիկների, պատերազմի վետերանների, Մեծ հայրենականի և բանակում սպանված կամ մահացած 510 ընտանիքներին հատկացվել է օգնություն»,-ասաց նա:
Խոսելով Գյումրիում նախորդ տարվա նշանակալից փոփոխություններից՝ Լևոն Բարսեղյանն առաջնահերթ համարեց քաղաքապետի փոփոխությունը:
«Ամենակարևորը դա էր, առայժմ չեմ կարող դատողություններ անել, թե դա դեպի լավն է տանելու, թե վատը»,-ասաց նա` հավելելով, որ նշանակալից էր նաև պետական միջոցներով 1.757 նոր բնակարանների հանձնումն անօթևաններին, բայց շեշտեց, որ դեռ 4.000 ընտանիք շարունակում է մնալ նույն ՝ անօթևան վիճակում:
Կարևոր իրադարձություն համարեց հիվանդանոցային համալիրի բացումը, նաև պետության մասշտաբով՝ ԱԺ ընտրությունները:
Գյումրեցու մաղթանքը հայ ժողովրդին առաջնահերթ բարեկեցությունն է և որպեսզի այլևս նրանք չլինեն այսքան հանդուրժող: «Որ մարդիկ լավ ապրեն, հասկանան` ինչի տեր են, թե չէ էսպես ձեռից գնում են՝ մարդիկ էլ, քաղաքն էլ, երկիրն էլ: Ցանկանում եմ բարձր տրամադրություն, ուժեղ կամք, որ չլինեն այլևս հանդուրժող»,-եզրափակեց նա:
Комментариев нет:
Отправить комментарий