04.01.2013

Կարատեիստ, ֆիզիկոս, թոշակառու. Նախագահական ընտրություններում առաջադրումներն այսօր կավարտվեն


Կարատեիստ, ֆիզիկոս, թոշակառու. Նախագահական ընտրություններում առաջադրումներն այսօր կավարտվեն   2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը, որ սկսվել էր դեկտեմբերի 25-ին, այսօր կավարտվի և կսկսվի նրանց գրանցման ժամանակահատվածը, որը կշարունակվի մինչև հունվարի 14-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով այս պահի դրությամբ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացի:

Նրանք են՝

Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, որն ինքնառաջադրվել է:

Անկուսակցական, «Հայ-ռուսական հասարակական միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, որը չի աշխատում և ինքնառաջադրվել է: Ռոբերտ Ահարոնյանը նախկինում Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահն էր, որը միավորվեց Տիգրան Ուրիխանյանի հետ և արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը: Այնուհետև Ահարոնյանը հեռացավ կուսակցությունից, երբ Ուրիխանյանը հայտարարարեց իր՝ «Բարգավաճ Հայաստանին» միանալու մասին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ահարոնյանը հայտնի դարձավ նաև նրանով, որ ջանքեր գործադրեց միավորել կումունիստական կուսակցությունները և հայտարարեց ԽՍՀՄ-ը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Ռուբեն Այվազյանը, որը ինքնաառաջադրվել է, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում փաստաբան է. Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է:

Հրանտ Բագրատյանը, որը Հայաստանի նախկին վարչապետն է, «Ազատություն» կուսակցության նախագահն է և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Առաջադրվել է կուսակցության կողմից:

Ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, որն անկուսակցական է, չի աշխատում ու ինքնաառաջադրվել է:

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ևս ինքնաառաջադրվել է:

Արամ Հարությունյանը, որը Ազգային համաձայնություն կուսակցության նախագահն է ու ինքնառաջադրվել է:

Ինքնաառաջադրվել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրիաս Ղուկասյանը, որը «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահն է, անկուսակցական է, ինքնառաջադրվել է:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, որը հասարակական կարգով աշխատում է «Փախստականները և միջազգային իրավունքը» բարեգործական հասարակական կազմակերպությունում որպես քաղաքական հարցերով խորհրդատու, ինքնաառաջադրվել է:

Նարինե Մկրտչյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրված միակ կին թեկնածուն է, աշխատում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում որպես դասախոս: Նա ինքնաառաջադրվել է:

Թեկնածուներից Պավլիկ Սարգսյանը թոշակառու է, որևէ տեղ չի աշխատում: Նա ինքնաառաջադրվել է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է գործող նախագահՍերժ Սարգսյանը: 

Վարդան Սեդրակյանը, որը անկուսակցական է ու էպոսագետ, չի աշխատում որևէ տեղ: Նա ինքնաառաջադրվել է:

Եվ վերջին թեկնածուն «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահՌոբերտ Սիմոնյանն է: Նա անկուսակցական է ու ինքնաառաջադրվել է:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий