04.01.2013

Հունվարի 1-ից գործողության մեջ մտավ եկամտային նոր հարկը


Հունվարի 1-ից գործողության մեջ մտավ եկամտային նոր հարկը  2013թ. հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվում է եկամուտների հարկման նոր համակարգ՝ եկամտային հարկ: Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ ուժը կորցրած են ճանաչվելու ներկայումս գործող` «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Այսինքն, ներկայումս վարձու աշխատողների անվանական աշխատավարձերից հաշվարկվող և պահվող եկամտահարկի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև գործատուների հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն հունվարի 1-ից կիրառվելու է միայն եկամտային հարկը, որը հաշվարկվելու է վարձու աշխատողների անվանական աշխատավարձերից և գործատուների միջոցով վճարվելու է պետական բյուջե:
Միաժամանակ, օրենսդրական փոփոխության հետևանքով վարձու աշխատողների տնօրինվող (հարկումից հետո) աշխատավարձերի կրճատումը բացառելու համար «Եկամտային հարկի մասին» օրենքում ամրագրվել է, որ գործատուները հունվարի 1-ից պետք է վերահաշվարկեն իրենց վարձու աշխատողների անվանական աշխատավարձերն այնպես, որ եկամտային հարկի հաշվարկումից ու պահումից հետո վարձու աշխատողների տնօրինվող աշխատավարձերի մակարդակը առնվազն պահպանվի մինչև օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ մտնելը եղած մակարդակում: Ընդ որում, այն գործատուները, որոնք չեն կատարի օրենքով ամրագրված վերոնշյալ պահանջը, կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների: «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված` անվանական աշխատավարձերի վերահաշվարկման պահանջի հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Նշյալ որոշմամբ մասնավորապես, ամրագրվել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատողներին վճարվող պաշտոնային դրույքաչափային աշխատավարձի տնօրինվող (հարկումից հետո) մակարդակը չպետք է պակաս լինի ինչպես 2012 թվականի ընթացքում փաստացի վճարված պաշտոնային դրույքաչափային աշխատավարձի միջինացված մեծությունից, այնպես էլ 2012 թվականի դեկտեմբերին վճարված (վճարվող) տնօրինվող աշխատավարձի մեծությունից:
Ինչ վերաբերում է անձնական նվազեցումը եկամտային հարկով հարկմանը, ապա այն հանգամանքը, որ ներկայումս անձնական նվազեցումը չի հարկվում եկամտահարկով, դեռևս չի նշանակում, որ ներկայումս անձնական նվազեցման գումարից հարկեր և այլ պարտադիր վճարներ ընդհանրապես չեն վճարվում: Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն, անձնական նվազեցման գումարի նկատմամբ ինչպես գործատուի, այնպես էլ վարձու աշխատողի կողմից հաշվարկվում է պարտադիր սոցիալական ապահովության վճար: Ընդ որում, եթե հաշվարկելու լինենք անձնական նվազեցման գումարից ներկայումս հաշվարկվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների հանրագումարը, կարող ենք պարզել, որ ներկայումս այն կազմում է մոտավորապես 30.3 տոկոս, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից այն կազմելու է ավելի քիչ` 24.4 տոկոս:
Հետևաբար, այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվարի 1-ից հարկման նպատակով կատարվող անձնական նվազեցում այլևս չի լինելու, նույնպես չի հանգեցնի վարձու աշխատողների տնօրինվող (հարկումից հետո) աշխատավարձերի կրճատման:
Այսինքն, 2013 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն եկամտային հարկի ներդրումը չի հանգեցնի վարձու աշխատողների տնօրինվող (հարկումից հետո) եկամուտների կրճատման:

ՀՀ ֆինանսների նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ գործատուները որևէ խթան չունեն չվերահաշվարկելու իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը: Այսպես, գործող օրենսդրության համաձայն, գործատուները իրենց միջոցների հաշվին կատարում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից կիրառվող օրենսդրության համաձայն, նրանք այլևս չեն կատարելու այդ վճարները, այլ պարզապես մոտավորապես նույն գումարի չափով ավելացնելու են իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը: Հետևաբար, անտրամաբանական կլինի, որ գործատուները 2013 թվականի հունվարի 1-ից չվերահաշվարկեն իրենց վարձու աշխատողների աշխատավարձերը և ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий