29.06.2013

«Հրապարակ». Վանաձորում դժբախտ դեպք է եղել, որը փորձել են կոծկել

«Հրապարակ». Վանաձորում դժբախտ դեպք է եղել, որը փորձել են կոծկել 
«Հրապարակը» գրում է, թե հունիսի 18-ին Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել, սակայն այդ մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել՝ դեպքը փորձել են կոծկել: Վաղինակ Խաչատրյանը Լոռու մարզի Լերմոնտով գյուղի Տանձուտ կոչվող տարածքում 30 մ բարձրության սյան վրա մոնտաժային աշխատանքներ կատարելիս ընկել է, նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է:
Խաչատրյանն աշխատում էր «Դիսիտելեկոմ» ՍՊԸ-ում՝ որպես կոմունիկացիոն մասնագետ: Այս կազմակերպությունն իրականացրել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կոմունիկացիաների մոնտաժը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում  հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ  Գուգարքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ երիտասարդն առանց ամրագոտու է աշխատելիս եղել: Նշենք, որ 23-ամյա Վաղինակ Խաչատրյանն Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր: 
Մենք նաեւ տեղեկացանք, որ կոմունիկացիոն աշխատանքներ կատարող մասնագետներին անխնա շահագործում են՝  օրական 20 ժամ աշխատեցնելով: Ընդ որում՝ վարձատրությունը ոչ թե ժամավճարային է, այլ գործարքային՝ կոնկրետ աշխատանքի դիմաց: Եվ քանի որ շատ կարճ ժամկետ են սահմանում տվյալ հատվածում կատարվելիք աշխատանքի դիմաց, ստիպված են լինում երկար աշխատել: Գուցե այս պատահարի դեպքում դեր է խաղացել նաեւ հոգնածությունը: Թե ինչու չեն այսպես անխնա շահագործվող մոնտաժնիկները բողոքում, նրանցից մեկն ասաց, որ վախենում են կորցնել աշխատանքը, քանի որ ցանկացողները շատ են, եւ աշխատավարձն էլ համեմատաբար բարձր է:

Комментариев нет:

Отправить комментарий