12.06.2013

Ի՞նչ համ ուներ Եվրամիության ճաշը վարչապետի համար

. Տիգրան Սարգսյանին Եվրամիության դեսպանները հունիսի 11-ին հրավիրել են «ծանրաձողի» մոտ: Կառավարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Տրայան Հրիստեայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ դեսպանների եւ վարչապետի մասնակցությամբ ճաշ, որի ընթացքում Տիգրան Սարգսյանը դեսպանների խնդրանքով ներկայացրել է մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում հաստատված կառավարության գործունեության ծրագիրը:
Բայց, ամենայն հավանականությամբ ճաշի ընթացքում եղել են այլ թեժ թեմաներ: Համենայն դեպս, այդ ընթացքում եղել են դրա առիթները: Հատկապես ուշադրության են արժանի երկուսը՝ օֆշորային սկանդալը վարչապետի անվան շրջանառությամբ, ինչպես նաեւ դրանից անմիջապես հետո Մինսկում Տիգրան Սարգսյանի հայտարարությունները Մաքսային միության եւ Եվրասիական ինտեգրման առնչությամբ:
Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արդեն իսկ նշել է Եվրամիության դիրքորոշումն այդ կապակցությամբ, ասելով, որ ինտեգրացիան ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հեռանկարին չի վնասում, իսկ ահա անդամակցումն արդեն այլ հարց է: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ Հայաստանի իշխանությունը գիտե, թե ինչքան է այլ կառույցների հետ հարաբերվելու սահմանը: Սակայն, այդ ամենով հանդերձ, նա հայտարարել էր, որ Եվրամիությանը հետաքրքրում են Մաքսային միության հետ Հայաստանի հնարավոր հուշագրի բովանդակային մանրամասները, եւ դրանից հետո հստակ կլինի իրենց վերաբերմունքը:
Եվ ահա Եվրամիությունը Տիգրան Սարգսյանից ճաշի սեղանի շուրջ ըստ ամենայնի լսել է հենց հնարավոր մանրամասները:
Դրանք հայտնի չեն նաեւ հասարակությանը, եւ այդ առումով հարց է, թե երբ է Հայաստանի իշխանությունն այդ հնարավոր հուշագրի մանրամասները ներկայացնելու իր քաղաքացիներին, քանի որ խոսքը կարեւոր փաստաթղթի եւ կարեւոր հարցերի մասին է: Առավել եւս, որ հայտարարվել է, թե դրանք արդեն իսկ համաձայնեցվել են նախագահների մակարդակով:
Մյուս կողմից, զարմանալի չէ, որ կառավարությունն առաջինը տեղեկացնում է Եվրամիությանը, ոչ թե քաղաքացիներին: Բանն այն է, որ այստեղից հնարավոր դժգոհությունները իշխանության համար կարող են ավելի ճակատագրական լինել, քան քաղաքացիների դժգոհությունները, առավել եւս, որ սոցիալական խնդիրների տակ կքած քաղաքացուն կարող է չհետաքրքրել էլ Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերությունը: Ավելին, քաղաքացիների մի զգալի մաս կամովին ընտրում է այդ միությունը, արտագաղթելով Ռուսաստան:
Հավանաբար, ճաշից օրեր անց պարզ կլինի, թե արդյոք վարչապետի պատասխանները գոհացրել են Եվրամիության դեսպաններին:
Հետաքրքրական է նաեւ, թե նա ինչ պատասխաններ է տվել օֆշորային պատմության մասով, որովհետեւ կասկած չկա, որ այդ հարցն էլ հետաքրքրելու էր դեսպաններին, որոնք պատասխանն ակնկալում են ոչ թե դատախազությունից, ուր գործն ուղարկել է Տիգրան Սարգսյանը, այլ հենց իրենից՝ վարչապետից:
Ընդ որում, հետաքրքրական է, որ վարչապետի ճաշը Եվրամիության դեսպանների հետ հաջորդում է Ռուսաստանի նոր դեսպան Իվան Վոլինկինի հետ նրա հանդիպմանը: Ռուսաստանի նոր դեսպանը սկսում է գործունեությունը Հայաստանում: Իսկ Վոլինկինի նախկին գործունեությունից հայտնի դրվագներից է այն, որ նրան Վրաստանից արտաքսել էր Եվրամիության հետ սերտ հարաբերություն կառուցած Սահակաշվիլին՝ Վոլինկինին մեղադրելով լրտեսության եւ հեղաշրջում նախապատրաստելու համար:
Ջեյմս Հակոբյան    http://topnews.mediamall.am/?id=34613                                                       

Комментариев нет:

Отправить комментарий