21.08.2013

Արմավիրի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկին սպառնացող 34-ամյա տղամարդուն տուգանեցին

Արմավիրի բժշկական կենտրոնի  հերթապահ բժիշկին սպառնացող  34-ամյա տղամարդուն տուգանեցին
34-ամյա Հմայակ  Մ.-ն տուգանվել է 100 հազար դրամով՝ Արմավիրի բժշկական կենտրոնի  հերթապահ բժիշկ Անահիտ Գորոյանին սպառնալու համար: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
34-ամյա Հմայակ  Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա 2013թ. մայիսի 3-ին, ժամը 19:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ճանապարհային ոստիկանության 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Կնյազ Հովհաննիսյանի կողմից սթափության վիճակի զննության համար բերվել է «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ շտապօգնության կայան: Սակայն շտապօգնության հերթափոխի անձնակազմի եւ Կնյազ Հովհաննիսյանի ներկայությամբ, անհիմն պատճառով խուլիգանական մղումներով տեւական ժամանակով` շուրջ 10 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով ներկաների նկատմամբ, անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել` խոչընդոտելով շտապօգնության կայանի բնականոն աշխատանքները, որը զուգորդել է շտապօգնության հերթապահ բժիշկ Անահիտ Գորոյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տալով, այն է` ձեռքով սպառնացել է հարվածել նրան:
Քննելով գործը դատարանը վճռել է Հմայակ  Մ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 հազար ՀՀ դրամի չափով:

Комментариев нет:

Отправить комментарий