10.08.2013

Ես ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք. վթարի հետեւանքով թեւը պոկված աղջիկ

Ես ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք. վթարի հետեւանքով թեւը պոկված աղջիկԻջեւան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով թեւը պոկված 22-ամյա Արմինե Ա-ին երկրորդ անգամ են վիրահատել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Եթե առաջին վիրահատությունը տեւել էր 6 ժամ, ապա երկրորդ վիրահատությունը տեւել է 2 ժամ:

«Արմինեի մոտ, բացի անդամահատված վերջույթից, կա շատ ավելի խորը եւ ծանր վնասվածքներ, ամբողջ բազուկը, ուսագոտին ջնջխված է, ունի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, մկանային հյուսվածքի պատռվածքներ, տոտալ հեմատոմաներ, սալջարդներ, վիճակը ավելի ծանր էր, քան Վայքի վթարի հետեւանքով տուժած Լիլիթինը: Վիրահատությունից մի քանի ժամ հետո մեր կողմից արձանագրվեց երակային խցանում, անմիջապես կատարվեց երկրորդ վիրահատությունը: Դա տեւեց մոտ 2 ժամ, կարողացանք ժամանակին խցանման հարցերը լուծել, արյան շրջանառությունը վերականգնվեց»,- ասաց բժիշկը:

Արտավազդ Սահակյանի խոսքով` այս պահի դրությամբ Արմինեի վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը, նա զրուցում է, ակտիվ է, ամբողջական ապաքինման համար ժամանակ է պահանջվում: Երիտասարդ աղջիկը այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, մոտ 10 օր կմնա այնտեղ: Բժիշկը աղոթում է, որ աղջկան նորից անհապաղ վիրահատելու անհրաժեշտություն չառաջանա, ինչ վերաբերում է հետագա կորեկցիային կամ վերջույթի երկարացմանը, ապա դա ծրագրված վիրահատություն է, այն կկատարվի, երբ հիվանդի վիճակը արդեն ավելի լավ կլինի:

NEWS.am-ի թղթակիցը այցելեց նաեւ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արմինեին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի օրը ճանապարհվելիս են եղել Բագրատաշեն` դիմավորելու ծանոթի, մեքենայում ինքը քնել է եւ ոչինչ չի հիշում: «Հիշում եմ դեպքի օրը, որ պատրաստվում էի գնայի դիմավորեի, նստած էի` ասացի քունս տանում է, ես քնեմ, տեղ հասնենք, արթնացրեք, հետո արթնացել եմ այստեղ, չգիտեմ, ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք»,- պատմեց Արմինեն:

Նա նշեց, որ այժմ իրեն համեմատաբար լավ է զգում, ցավեր չունի: Երիտասարդ աղջիկը ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշակերտների հետ ճապոներեն եւ անգլերեն է պարապում, մտածում է շուտափույթ ոտքի կանգնի, որպեսզի սեպտեմբերից վերսկսի պարապմունքները աշակերտների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին, երեկոյան ժամը 22.00-ին, տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով 22-ամյա Արմինե Ա.-ի թեւը պոկվել է: Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը նշել է, որ աղջկա անրակը, ուսագոտին ջնջխված էր, իսկ արմունկից ձեռքը լրիվ պոկված է: Բժշկի փոխանցմամբ` նրան հիվանդանոց են տեղափոխել 02.00-ի սահմաններում, անմիջապես սկսել են վիրահատությունը, որը տեւել է 6 ժամ`մինչեւ առավոտյան 08.00-ն:

«Ժամը 04.30-ին արդեն ձեռքը կպցրել էինք, արյան շրջանառությունը վերականգնվել էր»,- ասել է Արտավազդ Սահակյանը: Նրա փոխանցմամբ` աղջիկը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր:


HayNews.am

Комментариев нет:

Отправить комментарий