
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Վարդաբլուր համայնքից: Գյուղնախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի շուրջ 60 գյուղացիական մանր տնտեսությունների միավորմամբ ստեղծված «Սերմնաբույծ» ընկերություն եւ ծանոթացել աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրված ցորենի սեմացուի վերադարձելիության աշխատանքներին, հետեւել զտմանը, ախտահանմանն ու պարկավորմանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժnից հայտնում են, թե նորաստեղծ ընկերության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել պետական աջակցության ծրագրերի մասով՝ ասելով, որ իրենց աշխատանքն ավելի կազմակերպված է դարձել, տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներն արդեն կարգավորվում են՝ արտադրությունից մինչեւ իրացում:
Նախարարն ի պատասխան ասել է, որ պետական աջակցության ծրագրերը կշարունակվեն եւ որպեսզի դրանք ավելի արդյունավետ եւ հասցեական լինեն, հարկ է, որ համայնքի բոլոր տնտեսությունները միավորվեն կոոպերատիվում:
Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ գոհ է համայնքի հացահատիկի սպասվելիք բերքի ցուցանիշներից, հատկապես, որ մարզի ցանքատարածությունները հիմնականում անջրդի են եւ հաջողվել է ստանալ հեկտարից միջինը 40-45 ցենտներ բերք, այն դեպքում, երբ մարզային միջին ցուցանիշն այս տարի 32 ցենտներ է:
Նույն համայնքում նախարարը հետեւել է նաեւ կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին:
Տաշիրի տարածաշրջանում գյուղնախարարն այցելել է հացահատիկի դաշտեր, ծանոթացել է ձեռք բերված նոր գյուղտեխնիկային, իսկ «Բոզոյան» ընկերությունում գնահատել հացահատիկի նորակառույց պահեստի հնարավորությունները եւ նրա սեփականատերերին առաջարկել զբաղվել նաեւ խոզաբուծությամբ, օգտագործել նույն ընկերության ուժերով կառուցված սպանդանոցը:
Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաեւ Տաշիրի տարածաշրջանի պանրի արտադրամաս, որտեղ ծանոթացել է արտադրության պայմաններին ու հզորություններին:
Ի դեպ, Լոռու մարզում բավականին աճ կա անասնաբուծության ոլորտի ցուցանիշներում: Ընդհանուր հաշվով տավարի գլխաքանակն ավելացել է 9,2 տոկոսով եւ կազմել 82 հազար գլուխ, որից կովերինը՝ 40 հազար գլուխ: Ոչխարներինը 32.2 հազար է, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 3.5 հազարով: Նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզպետարանում նաեւ անցկացրել է խորհրդակցություն մարզի համայնքապետերի մասնակցությամբ:
Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ Լոռու մարզում այս տարի 3500 հա չմշակված վարելահողեր մտել են շրջանառության մեջ, որից 1500 հա-ի վրա կատարվել է ցորենի ցանք:
Նախարարը գյուղապետերի ուշադրությունն ուղղել է նաեւ ապօրինի անտառահատումներին եւ կարգադրել, որպեսզի բարձրացնեն անտառների պաշտպանունակությունը։
Комментариев нет:
Отправить комментарий