Արագածոտնի մարզում օգոստոսի 30-ին տեղի ունեցած վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության Աշտարակի բաժնից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Այս վթարի հետեւանքով տուժած «Ֆորդի» վարորդը` 27-ամյա Ս. Հ.-ն սալջարդներ եւ քերծվածքներ էր ստացել: «Աշտարակի» բ/կ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նա ստացել է անհետաձգելի բուժօգնություն եւ դուրս գրվել հիվանդանոցից: Իսկ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 26-ամյա Թ. Թ.-ն գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է:
Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ վթարի հետեւանքով տեղում մահացած, 1947 թ. ծնված Լավրենտ Հովհաննիսյանը եւ 1971 թ. ծնված Պարթեւ Հովհաննիսյանը հայր ու որդի են, իսկ 1973 թ. ծնված Վաչագան Ասատրյանը` նրանց ազգականը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ լրատվական ծառայությունը, օգոստոսի 30-ին, ժամը 05.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 եւ «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները տեղում մահացել են:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Ավտոմեքենայի վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել զոհերին ավտոմեքենայից եւ կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Комментариев нет:
Отправить комментарий