
Ուռեկիում հանգստացող որոշ հայ զբոսաշրջիկներ հորդառատ անձրեւների պատճառով շտապում են վերադառնալ Հայաստան, մի քանիսը շարունակում են իրենց հանգիստն այնտեղ, կան նաեւ անձինք, ովքեր տարերային աղետի պատճառով գնացել են Քոբուլեթի: NEWS.am-ը զանգահարեց մոտ մեկ տասնյակից ավել տուրիստական գործակալություններ` ճշտելու, թե քանի հոգի է մեկնել Ուռեկի, ինչ վիճակում են հայ զբոսաշրջիկները եւ այլն:
Մեծամասամբ, տուրիստական գործակալություններից («Տաթեւ թրավել», «Իմեգա տուր», «Էկզոտուր» , «Նավասարդ թրավել» եւ այլն) մեզ հայտնում էին, որ այս պահին Ուռեկիում հանգստացող չունեն, ոչ էլ դիմողներ են եղել այնտեղ մեկնելու համար: Դա, տուրգործակալությունների աշխատակիցների փոխանցմամբ, մի կողմից բացատրում էին ծով մեկնելու սեզոնի ավարտով, մյուս կողմից էլ այնտեղի հորդառատ անձրեւներով: «Ֆավորիտ» տուրից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Ուռեկի մեկնած անձինք չունեն, օգոստոսի 28-ին ունեն մեկնողներ, ովքեր չեն մտափոխվել եւ ուղեգիրը չեն վերադարձրել:
Իսկ, օրինակ, «Միքս» տուրից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ուռեկիում մոտ 20 հանգստացող ունեին, մի մասը գնացել են Քոբուլեթի, մի մասն էլ ցանկություն է հայտնել վերադառնալ եւ վերադառնում են: «Ջրհեղեղն այնտեղ արտառոց բան չէ, 2-3 օրվա ընթացքում անցնում է: Մարդիկ կան, որոնք պլանավորել են գնալ եւ գնում են: Այնպես չէ, որ ջուրը հեղեղել է ամբողջ Ուռեկին, մի երկու գետի ափին է այդ վիճակը եւ տուժել են այն տները, որոնք այդ գետերի ափին էին, ամեն տարի էլ նման բաներ լինում են»,- հայտնեցին «Միքս» տուրից:
«Եվրազիա» թրավելից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց զբոսաշրջիկները նորմալ վիճակում են, ընդամենը նրանց հանգստի երկու օրը «փչացավ», այլ խնդիրներ չեն առաջացել, այժմ եւս կան մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել մեկնելու:
Ուռեկիում գտնվող մոտ 10 հոգի էլ մեկնել է «Հայտուրի» միջոցով: «Այն հյուրանոցները, որոնք մենք առաջարկել ենք, նորմալ վիճակում են, որեւէ բան չի եղել, պարզապես ճանապարհները ոչ բարվոք վիճակում են, մեքենաները դժվարությամբ են գալիս: Նրանք, ովքեր պետք է մեկնեին, հրաժարվել են մեկնելուց, հետաձգել են իրենց հանգիստը»,- հայտնեցին «Հայտուրից»: Այս գործակալությամբ Վրաստան մեկնած անձինք երկու ընտանիք են, որոնց վիճակը լավ է, ոչ մի բողոք չունեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի արեւմուտքում մի շարք գյուղերի տներ հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով անցել են ջրի տակ: Տեղատարափ անձրեւների պատճառով գետերն ու նրանց վտակները դուրս են եկել ափերից, ինչն էլ նպաստել է ջրհեղեղին: Նախնական տվյալներով ջրհեղեղից զոհեր չկան: Օզուռգետի շրջանի ղեկավարության հաղորդագրության համաձայն, ջրի տակ են անցել շենքերի բակերը, ինչպես նաեւ նկուղային հատվածներն ու առաջին հարկերը: Հարյուրավոր հանգստացողներ լքել են առողջարանային Ոռեկի գյուղը, որը եւս մասամբ ջրի տակ է անցել, հաղորդում է «Ռոսբալտը»: Տարածաշրջանի բանակվայրեր տանող ավտոճանապարհներից մեկի վրա սողանք է առաջացել, որի հետեւանքով ճանապարհը փակել են: Բացի այդ տարերային աղետը հանգեցրելէ հարյուրավոր ընտանի թռչունների ու կենդանիների ոչնչացման, ջրի տակ են անցել գյուղատնտեսական նշանակության ընդարձակ հողատարածքներ: Ավտոմայրուղիների վերականգնման, ինչպես նաեւ ջրհեղեղից տուժած տների ջրահեռացման աշխատանքներին մասնակցում են փրկարարները:
Комментариев нет:
Отправить комментарий