24.08.2013

«Եթե պարտվեմ Սև Մամբային, կհեռանամ բռնցքամարտից». Արթուր Աբրահամ (ֆոտո)

«Եթե պարտվեմ Սև Մամբային, կհեռանամ բռնցքամարտից». Արթուր Աբրահամ
     Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4,21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը կկայանա Գերմանիայի Շվերին քաղաքում: Մեր հայրենակիցը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6,15) հետ: Աֆրիկյան Նամիբիա պետությունը ներկայացնող Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:
     Արթուր Աբրահամը Շվերինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հանդիպել է Վիլբեֆորս Շիհեփոյին:
     «Ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Եթե պարտվեմ, կհեռանամ բռնցքամարտից: Չեմ թերագնահատում Շիհեփոյին, սակայն վստահ եմ, ես եմ հաղթելու»- ասել է Արթուր Աբրահամը:
     Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:20 – 00:30 ընկած ժամանակահատվածում):
     Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
     Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թ-ի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգևատրել Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Комментариев нет:

Отправить комментарий