23.09.2013

Ի՞նչ սպասել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հերթական հանդիպումից



Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները այսօր կհավաքվեն Սոչիում' քննարկելու դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հարցերը: Նիստին կմասնակցի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին պետությունների ղեկավարները քննարման գլխավոր թեմաները կլինեն ՀԱՊԿ-ի զորքերի կառավարման մեխանիզմների արդիականացման ուղիները, ինչպես նաեւ Կազմակերպության ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունը:
Ինչպես Times.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ-ի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ընդհանուր ավիացիոն ուժերի ստեղծման գաղափարը դեռևս սաղմնային փուլում է, և հստակ չի նշվում համագործակցության ձևաչափերի և բնույթի մասին: Կանխատեսվում է, որ նման մանրամասները կհստակեցվեն մինչև այս տարվա վերջ: Հովհաննիսյանի խոսքերով, սա կարող է լինել հերթական ռազմական համագործակցության նոր ուղղություններից մեկը:
«Голос России»-ի հետ զրույցում Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Աժդար Կուրտովը հետևյալ կերպ է մեկնաբանում ռազմաօդային համագործակցության նախագիծը.
«Խնդիրը նրանումն է, որ Աֆղանստանի և Տաջիկստանի միջև սահմանը բարձրլեռնային է: Իսկ բարձր լեռնային տեղանքում նույնիսկ փոքր խմբերով զինյալների համար հեշտ է կռվել: Լեռներում դժվար է ծանր տեխնիկա կամ մեծ զորախումբ տեղակայել: Զինյալները, թաքնվելով լեռանյին կիրճերում, հեշտությամբ կարող են բարելավել իրենց դիրքրեը' ձեռքի տակ ունենալով թեթև զենքեր և նռնակներ: Ահա այսպիսի պայմաններում անփոխարինելի է ռազմական ավիացիայի դերը»:
Կմշակվեն նաև ՀԱՊԿ առաջիկա գերակայությունները
ՀԱՊԿ գագաթնաժողովին կներկայացվեն Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ժամանակաշրջանում Կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները (նստաշրջանում ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից կանցնի Ռուսաստանին):
Մեծ տեղ կհատկացվի մասնակից-պետությունների սահմանների պահպանության ապահովման խնդրին' հաշվի առնելով 2014թ. Աֆղանստանից օտարերկրյա զինուժը դուրս բերելու հանգամանքը:
Ի պատասխան մեր հարցմանը, թե արդյոք հնարավոր է Հայաստանն, իր դաշնակցային պարտավորություններից ելնելով, զորքեր տրամադրի Աֆղանստանին սահմանակից երկրներին, ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ դա գերագույն հրամանատարության որոշելու խնդիրն է, սակայն առայժմ որևէ պայմանավորվածության մասին չի հայտարարվել:
Նախատեսվում է քննարկել նաև oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման վերաբերյալ:
Միջազգային թեմաները կլինեն ուշադրության կենտրոնում
Ինչպես նշում է «Newsru.com»-ը, ՌԴ-ի նախագահի օգնական Ուշակովը չի բացառել ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ընդհանուր հայտարարությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Բացի վերոնշյալ խնդիրներից այս հավաքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ՌԴ-ի և Բելառուսի նախագահների հնարավոր հանդիպման տեսանկյունից:
Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց կունենան, սակայն «Rian.ru»-ի փոխանցմամբ, Պուտինի օգնականը նշել է, որ նման հնադիպում նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Բելառուսի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Մինսկում ձերբակալվել է ռուսական "Уралкалий" ընկերության գլխավոր տնօերն Վլադիսլավ Բաումգերտները, իսկ նույն ընկերության համասեփականատեր Սուլեյման Քերիմիովի նկատմամբ միջազգային հետախուզություն է հայտարարվել:
Նույն օրը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին կմասնակցի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Комментариев нет:

Отправить комментарий