23.10.2013

27-ամյա երիտասարդը կնոջը մեղադրում է, որ երեխային 2 ամսականից հետո կրծքով չի կերակրել, որ «ֆիգուրան» չփչանա

27-ամյա երիտասարդը կնոջը մեղադրում է, որ երեխային 2 ամսականից հետո կրծքով չի կերակրել, որ «ֆիգուրան» չփչանա
27-ամյա Դավիթ  Պապյանի ընտանիքում, ով մեղադրվում է  նախկին զոքանչին հրելու  եւ կնոջը ծեծելու մեջ, անհաշտությունը սկսել է այն բանից հետո, երբ կնոջը Մանումենտ չի տարել: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Պապյանը:
Նրա խոսքով, առաջին դեպքը չէ, երբ իրենց գժտությունների պատճառով քրեական գործ է հարուցվում եւ  ներկայացրեց վերջին քրեական գործի շարժառիթները. «4 տարի առաջ ենք ամուսնացել: Մի երեխա ունենք: Տղայիս հետ գնացել էի Մանումենտ, ուշ եկանք, ասաց՝ ո՞ւր էիր: Ասացի՝ Մանումենտում: Վիրավորվեք, որ իրեն չեմ տարել: Հաջորդ օրը գործից եկա, տեսա օժիտը հավաքել, երեխու հետ գնացել ա: Հետո տղայիս ծնունդի օրը, երբ գնացի շնորհավորելու, առանձնացա նրա հետ խոսելու, աջ ձեռքով հարվածեց իր աչքին, քաղմասին զանգեց, կանչեց եւ իր հայրը գրեց, թե ես աղջկան ծեծի եմ ենթարկել, ու ըտենց գործը գնաց դատարան»:
Մի օր էլ Դավիթը նախկին կնոջը երեխայի հետ  փողոցում է հանդիպել, ցանկացել է մոտենալ, սակայն նախկին կինը փախուստի է դիմել եւ ստիպված վազել է նրա հետեւից մինչեւ դռան մոտ: «Այդ օրը զոքանչս սայթաքել է իրենց տորթի վրա: Իսկ Մայրամին չեմ ծեծել, այլ իր աջ ձեռքն եմ իմ կոկորդից հանել: Ինքն ա ինձ ճանկռել: Հարեւաններն են վկա եղել, որ ես իրեն  չեմ ծեծել»,- նշեց Դավիթը: Նա նաեւ ավելացրեց, որ  ինքը պայքարելու է, որ երեխայի խնամակալությունը հանձնեն իրեն: «Երեխայի անվտանգության համար եմ  պայքարում:  3 տարեկան երեխան ՞ինչ իրավունք ունի, 3-րդ հարկի պատուհանից  միայնակ նայի: Ավելին` մայրը  2 ամսականում երեխային կաթից զրկեց, որ իր ֆիգուրան չփչանա: Բացի այդ ինքնասպանության փորձ անելու հակումներ ունի: Ես, որ իրա հետ ծանոթացա, մի ընկեր էր ունեցել եւ բաժանումից հետո ինքնասպանության փորձ էր արել: Մի անգամ էլ իր մայրն էլ ասել , թե մարդու շնորք չկա վրեդ, նայի՝ հարեւանի աղջիկն ինչ սիրուն է` բոյն ու բուսաթը տեղը, վիրավորվել էր  ու ինքնասպանության փորձ էր արել»,- մանրամասնեց Դավիթը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանում 27-ամյա Դավիթ  Պապյանը վնասել է  նախկին զոքանջին եւ ծեծել կնոջը: Սակայն նախկին կինն էլ ծեծի է ենթարկել Դավիթ  Պապյանին: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացել էր, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:  Դավիթ  Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին ժամը 12:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում իր երեխային տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում անզգուշությամբ հրել է Ի.Նշանյանին, ինչի հետեւանքով վերջինս ընկել է գետնին: Բացի այդ, ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Մարիաննա Ռաֆայելի Պապյանին` նրա պատճառելով՝ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քրեական գործ էր հարուցվել 121 հոդվածի  1-ին մասով` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով,  կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ  118 հոդվածով`  ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը:

Комментариев нет:

Отправить комментарий