24.10.2013

Ի՞նչ է կատարվում Ստանիսլավսկու անվան թատրոնում Երվանդ Ենգիբարյանի մահվանից հետո

Ի՞նչ է կատարվում Ստանիսլավսկու անվան թատրոնում Երվանդ Ենգիբարյանի մահվանից հետո
Երեւանի Մյասնիկյան պողոտայում  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, վթարի հետեւանքով 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան առթիվ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որոշ ժամանակով հանված են բոլոր փորձերը եւ ներկայացումները:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թատրոնի դերասաններից, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ այժմ ոչ մի փորձ չի ընթանում, հանված են թե փորձերը, թե ներկայացումները, հավանաբար նոյեմբերի սկզբից թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը: «Պետական թատրոն է, մենք չենք կարող այն փակել»,- ասաց դերասանը:
Դերասանի փոխանցմամբ՝ միայն հոկտեմբերի 26-ին դերասանները, ի հիշատակ սիրելի գործընկերոջ, խաղալու են նրա բեմադրած ներկայացումը:
Ի դեպ, Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա թատրոնում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.00-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:
Նշենք, որ նա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:

Комментариев нет:

Отправить комментарий