24.10.2013

Գրիպի սեզոնը սկսել է. «Ինքնաբուժմամբ մի զբաղվեք»

 Գրիպի սեզոնը սկսել է. «Ինքնաբուժմամբ մի զբաղվեք»
Տարվա 40-րդ շաբաթն է, իսկ դա նշանակում է, որ գրիպով հիվանդների թիվն ավելանալու է:

«Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ հիվանդացության բարձրացում չկա: Իսկ այն հիվանդացությունը, որն այսօր արձանագրվում է, օրինաչափություն է տվյալ սեզոնի համար: Տարվա 40-րդ շաբաթը նախանշում է գրիպի սեզոնի սկիզբը»,-Panorama.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, բացատրելով, որ ԱՀԿ մոտեցումն է տարին շաբաթաների բաժանելը:

Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մեկ շաբաթվա կտրվածքով սուր շնչառական խնդիրներով 1200 մարդ է դիմել բժշկի:

«Համաճարակաբանության առումով թվերով խոսելը մի քիչ ճիշտ չի, բայց եթե նույնիսկ թվերով խոսքեն, կարող ենք ասել, որ այս տվյալներն անհանգստացնող չեն, քանի որ անցած տարվա այս ժամանակաշրջանի համեմատ դեպքերի թիվը չի փոփոխվել, նույն մակարդակն է»,-ասաց նա:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի չկրկնվի գարնանային սեզոնին արձանագրված հիվանդացության ցուցանիշը, ինչի հետևանքով դպրոցներում արձակուրդը երկարաձգվեց մեկ շաբաթով:

Հարցին ի պատասխան, Թորոսյանն ասաց, որ այս պահին չեն կարող ասել, թե հիվանդացությունը ինչ տարածում կունենա, «բայց դատելով առկա տվյալներից, կարող է աշխուժացում նկատվի, թե դա ինչ ուղղվածության ու ուժգնությամբ կլինի, ոչ ոք ասել չի կարող»:

«Քանի որ Հարավասիական երկրներում գրիպի H7N9 ենթատեսակը կա, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում երկրներին միջոցառումներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ, ուժեղացնել միջոցառումները այն խոցելի խմբերի շրջանակում, որոնք կարող են այս կամ այն կերպ առնչություն ունենալ գրիպի այդ ենթատեսակի հետ: Այնպես, որ այսօր համալիր միջոցառումներ ենք իրականացնում, արվում է այն ամենը, որը կնվազեցնի առողջապահական համակարգի բեռը, կանխարգալել հնարավոր բարդությունները»,-ասաց նա:

Սուր շնչառական վարակներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս
• Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն
• Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
• Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագումնաբանությամբ հիվանդությունների ժամանակ
• Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ
• Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին
• Հագնվե՛ք եղանակին համահունչ
• Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը
• Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий