24.10.2013

Եթե պարզվի, որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, նրան մեղադրանք կառաջադրվի. Ոստիկանություն

Եթե պարզվի, որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, նրան մեղադրանք կառաջադրվի. Ոստիկանություն
Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Նաիրի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝  հինգ տուժողները գտնվում են հիվանդանոցներում, նրանք ի վիճակի չեն ցուցմունք տալ: Մեզ նաեւ հայտնեցին, որ դեռ չգիտեն, թե որ մեքենան որին է հարվածել, ով էր բարձր արագությամբ վարել կամ ով է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել, տարածքում տեսախցիկներ չկան:
Այս հանգամանքները պարզելու համար նշանակված են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, կնշանակվի նաեւ համալիր փորձաքննություն: Փորձաքննությունների եզրակացությունը ստանալուց հետո միայն մեղադրանք կառաջադրվի, իսկ դրանք կտեւեն ամիսներ:
Ոստիկանությունից նաեւ հավաստիացրին, որ եթե պարզվի, որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, ապա նրան մեղադրանք կառաջադրվի եւ պատասխանատվության կենթարկվի, «օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի վնասվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: Ավելի ուշ Վազ 2121 մակնիշի մեքենայից  եղբայրներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, չորս անչափահասների վիճակը ծանր է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է  ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Комментариев нет:

Отправить комментарий