
41-ամյա Դավիթ Մ.-ն, ով մեղադրվում է իր մեքենայով օրը 10 հազար դրամով մարմնավաճառ սպասարկելու մեջ, չի ընդունել իր մեղքը եւ քրեական գործը Դավիթ Մ.-ի նկատմամբ հարուցվել եւ քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ կոպտագույն խախտումներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մ.-ի փաստաբան Վահան Մարտիրոսյանը:
Փաստաբանը պատմեց, որ սկզբում գործով 4 մեղադրյալներ կային, իսկ Դավիթը տուժող է եղել, սակայն ընթացքում նրան մեղադրյալ են ճանաչել չհանելով տուժողի կարգավիճակից: Վահան Մարտիրոսյանը պատմեց, որ Դավիթը մարմնավաճառուհուն ճանաչել է որպես իր մշտական պատվիրատու: Դեպքի օրն էլ մարմնավաճառուհին Դավիթին կանչել է հյուրանոց՝ իրեն այնտեղից տանելու համար: Այդ պահին վարորդի հետ են եղել նրա ծանոթուհիները, եւ թե մարմնավաճառը, թե նրանք, համաձայնել են, որ Դավիթը միաժամանակ սպասարկի նրանց եւ գնացել է մարմնավաճառի հետեւից: Արդեն ճանապարհին նրանց մեկ այլ մեքենա է հետապնդել եւ տաքսին կանգնեցնելով դուրս են հրավիրել մարմնավաճառուհուն եւ ծեծել: Դավիթը փորձել է պաշտպանել կնոջը, որից հետո սկսել են Դավիթին ծեծել: Ավելին` Դավիթի ծանոթուհիներն էլ իջել են Դավիթին պաշտպանելու, սակայն ծանոթուհիներին էլ են ծեծել: Դավիթին այնպես էին ծեծել, որ տեղափոխել են հիվանդանոց:
Փաստաբանի խոսքով, այստեղ տարբեր հանցագործություններ են միախառնվել քննիչը ապօրինի դրանք միացրել է մեկ քրեական գործում: Բացի այդ քննիչը գործը առանց վարույթ ընդունելու է քննություն կատարել: Փաստաբանը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները մարմնավաճառին ստիպել են, որ գրի, թե Դավիթը նպաստել է իր մարմնավաճառությամբ զբաղվելուն: Գործով ընդամենը մեկ վկա է եւ այդ մեկ վկան մարմնավաճառն է: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դատարանում փաստերով փորձելու են հասնել Դավիթի արդարացմանը, իսկ եթե դատարանը դրանք հիմք չընդունի, իրենց ձեռքի տակ եղած տեսաձայնագրություններն ու փաստերը լրատվամիջոցներով կհրապարակեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 41-ամյա Դավիթ Մ.-ն մեղադրվում է իր մեքենայով օրը 10 հազար դրամով մարմնավաճառ սպասարկելու մեջ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել էր, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Գործի նյութերի համաձայն՝ 41-ամյա Դավիթ Մ.-ն տարիներ շարունակ մարմնավաճառ Էմմա Մ.-ին յուրաքանչյուր օրվա համար 10 000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երեւանի Լենինգրադյան փողոցով, այնուհետեւ Բագրատունյաց պողոտայում գտնվող Երեւան լճի տարածքում, որի ընթացքում Էմմա Մ.-ն պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ: Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո վարորդն ստացել է 1000 դրամ գումար` նպաստելով Էմմա Մ-ի պոռնկությամբ զբաղվելուն: Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 1-ին մասով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով: Հոկտեմբերի 29-ին նշանակվել է դատական քննության օրը:
Комментариев нет:
Отправить комментарий