21.10.2013

Վարդան Պետրոսյանը՝ հնարավոր է՝ մեկ շաբաթից դուրս գրվի (ֆոտո)


ՏԵՍԱՆՅՈՒԹ   http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=b_ul4HOWQeU

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, հնարավոր է՝ դերասան Վարդան Պետրոսյանը մեկ շաբաթից դուրս գրվի։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Նրա խոսքով՝ այդ տարիքում (Վարդան Պետրոսյանը 54 տարեկան է) փայծաղի հեռացումը վտանգավոր չէ, քանի որ կան այլ արյունաստեղծ օրգաններ, որոնք կատարում են փայծաղի ֆունկցիան: Ըստ Ռոստոմյանի՝ փայծաղի պատռվածքի դեպքում միակ միջոցը հեռացնելն է։
Կոտայքի մարզում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով շտապ օգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված դերասան Վարդան Պետրոսյանը գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում: Վաղը կամ մյուս օրը հիվանդի վիճակը գնահատելուց հետո նրան կտեղափոխեն հիվանդասենյակ։
Այժմ դերասանը վերակենդանացման բաժանմունքում է, հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրան:
«Վարդանը գյուղից էր վերադառնում, մենակ է եղել մեքենայի մեջ: Ամբողջ գիշեր արհեստական շնչառություն է միացված եղել»,- NEWS.am- ի թղթակցին պատմեց Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխենը։
Դերասանի վիճակը գնահատվում է կայուն ծանր և կյանքին վտանգ չի սպառնում: Դերասանի մոտ վթարից հետո առկա էր ներքին արյունահոսություն, պատռվել էր փայծաղը և լյարդը: Վարդան Պետրոսյանին վիրահատել են, հեռացրել են փայծաղը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «Վազ 2121 մակնիշի» 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, ավելի ուշ 16-ամյա Էդգար Հակոբյանը մահացել էր: Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նաև Էդուարդ Հակոբյանը:

Комментариев нет:

Отправить комментарий