21.10.2013

Պոռնկությանը նպաստելու համար դատապարտված ազատամարտիկի պատիժը պայմանականորեն չեն կիրառել

Պոռնկությանը նպաստելու համար դատապարտված ազատամարտիկի պատիժը պայմանականորեն չեն կիրառել
Երևան-Սևան մայրուղու 40 կմ հատվածում գտնվող «Մոս» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն, 58-ամյա Է. Ե.-ն այս տարվա փետրվար ամսից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածը հյուրանոցում տեղ է հատկացրել Քրիստինե Հարությունյանին և Սուսաննա Խալաթյանին` պոռնկությամբ զբաղվելու համար: Այդ պատճառով էլ հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Նրա նկատմամբ այս տարվա մայիսին առաջադրվում է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով` «պոռնկությանը նպաստելը երկու կամ ավելի անձանց նպաստելով»:

Կոտայքի մարզի դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն, որը հետագայում հաստատել է նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ե.-ն հանձնարարել է մատուցողուհուն և հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն հյուրանոց և անհրաժեշտության դեպքում տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց` ստանալով գույքային օգուտ: Ռեստորան-հյուրանոցի առանձնասենյակները 6 ժամը 5.000 ՀՀ դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Քրիստինեին ու Սուսաննային` հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:

Մեղադրյալը, որը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ է, ընդունել է իր մեղքը, զղջացել դրա համար և միջնորդել, որ դատարանը նիստն անցկացնի արագացված դատաքննության ընթացակարգով: Ըստ դատարանում քննված գործի, մեղադրյալի պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի գտել, փոխարենը շատ են եղել մեղմացնող հանգամանքները` նախկինում դատապարտված չի եղել, «Վան» կամավորականների ջոկատի կազմում պարբերաբար ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության համար մղված ինքնապաշտպանական և ազատագրական գործողություններին է մասնակցել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրերս կայացրած վճռով, նա դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն դատարանը վճռել է նաև պայմանականորեն չկիրառել պատիժը և նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий