07.02.2014

Այնթապցին, ում տունը քանդվել է ապօրինի ստորգետնյա խողովակի պայթյունից, «ՀայՌուսգազարդ»–ից փոխհատուցում է պահանջում

Արարատ մարզի Այնթապ գյուղի 12-րդ փողոցի 10-րդ տունը 2013թ-ի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը գազի արտահոսքի պատճառով բռնկվել և պայթել է: Արդյունքում ընտանիքի անդամներից Արտակ Պետրոսյանը ստացել է 3-րդ աստիճանի այրվածքներ: Ութ հոգուց բաղկացած Պետրոսյանների ընտանիքը բնակվում է վարձով: Tert.am-ի հետ զրույցում Արա Պետրոսյանը պատմեց, որ դեռևս դեպքից երկու ամիս առաջ իրենց փողոցով մեկ գազի հոտ էր տարածվել: Թեև ահազանգել են գազի վարչություն, սակայն մասնագետները եկել են ու չեն կարողացել պարզել պատճառները:

«Գազի հոտը երկու ամիս շարունակ գալիս էր: Վերջին անգամ ապրիլի 22-ին ենք զանգահարել գազի վարչություն: Եկան, նայեցին, ասացին՝ «ինչ-որ խողովակի հետ կապված փոքր խնդիր կար, ձգեցինք» ու դրանից հետո գնացին: Բայց հոտը շարունակում էր գալ: Այնքան ուժեղ էր գալիս, որ նույնիսկ բակում վախենում էիր ծխեիր, մտածում էիր՝ կարող է բռնկվի: Մենք էլի ասեցինք, որ այդ հոտը շարունակում է գալ, պատասխանեցին, որ համապատասխան սարքը չունեն, պետք է վերևներից ուզեն, նոր բերեն ստուգեն: Մայիսի 16-ին էլ եղբայրս ժամը 1-ին իր սենյակում ծխախոտ է ուզում վառել ու միանգամից բռնկվում է, ճնշումից պատերը փլվում են, ինքն այրվածքներ է ստանում»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս եղբայրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, իսկ տունը մասնագետների եզրակացության համաձայն 4-րդ կարգի վթարային է:

Արա Պետրոսյանը պատմեց, որ դեպքից հետո միայն պարզվել է, որ վթարի պատճառը փողոցով անցնող մագիստրալն է եղել, որը, ինչպես նշեց Արա Պետրոսյանը, հողի տակ է եղել և անօրինական ձևով անցկացված:

«Մենք գազի վարչության աշխատակիցներին զգուշացրին, որ նման խողովակ կա գետնի տակ, ասացին՝ անհնար է, այլևս նման բան չկա: Բայց անօրինական խողովակ է, չգիտենք էլ՝ ուր է գնում դրա միջով անցնող գազը: Դա պլաստմասե խողովակ է՝ մոտ 4 դյույմ, միջին ճնշմամբ և ուներ 12 սմ պատռվածք, որտեղից էլ եղել էր արտահոսքը: Հողի շերտով եկել, լցվել էր տուն»,-ասաց նա:

Ներկայումս Պետրոսյանների ընտանիքը «ՀայՌուսգազարդ» ընկերությունից պահանջում է փոխհատուցել Արտակ Պետրոսյանի բուժման հետագա ծախսերը և հիմնանորոգել տունը
Մանրամասները կարդալ՝  http://www.tert.am/am/news/2014/02/07/ara-petrosyan/

Комментариев нет:

Отправить комментарий