31.05.2014

Սահմանադրական բարեփոխումներից մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ. Քննարկում են երիտասարդ ՀՀԿ-ականները


  Մայիսի 31-ին Ծազկաձորում ընթացող ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքում առանձին աշխատանքային խմբերում քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մասնակցությանն ու սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր։
<<Շարմ հոլդինգ>> ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջիկա ծրագրերը: Ըստ Կարեն Ղազարյանի՝ կարևոր է ամբողջ հայության մասնակցությունը կազմակերպվող միջոցառումներին, որովհետև դա այն թեման է, որը մտահոգում է ցանկացած հայի։ Ըստ բանախոսի՝ 100-րդ տարելիցը հնարավորություն է ամբողջ աշխարհին բարձրաձայնել մեր ցավի մասին:

Կարեն Ղազարյանը լսեց նաև Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ երիտասարդների առաջարկները։ Մասնավորապես, առաջարկ եղավ առավել ուշադրություն դարձնել թեմայի շուրջ գիտական  ուսումնասիրությունների իրականացմանն ու դրանք օտար լեզուներով հրապարակմանը։ Բացի այդ, կարծիք հնչեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան կամ Ծիծեռնակաբերդ այցելած յուրաքանչյուր արտասահմանցու տրամադրել Ցեղասպանության պատմությանը տեղյակ լինելու վերաբերյալ հավաստագիր։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ երիտասարդ հանրապետականների հետ քննարկեց սահմանադրական բարեփոխումների թեման: Ներկայացվեց սահմանադրական իրավունքի ինստիտուտը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի օրակարգում գտնվող հարցերը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Մամիջանյանը նկատեց, որ հարկ է բարեփոխել  Մայր օրենքը։ <<Հայաստանի Հանրապետությունը գտնվում է տրանսֆորմացիայի այն փուլում, որտեղ անհրաժեշտ է հետագա զարգացման ուղենիշների հստակեցում։ Նման հնարավորություն կարող է ապահովել միմիայն Մայր օրենքի փոփոխությունը>>,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն ու էությունը հանրությանը հասցնելու հարցում շատ մեծ է երիտասարդ հանրապետականների դերը։ 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն


Комментариев нет:

Отправить комментарий