08.10.2014

Դարպասի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է բարերարների աջակցությամբ

Դարպասի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է բարերարների աջակցությամբ   ԱՄՆ Հայ կրթական հիմնարկությունը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում ավելի քան 60 տարի: Այս ընթացքում կազմակերպության ջանքերով բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացվել, վերանորոգվել են տասնյակ կրթօջախներ: 2000թ.-ին, հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության ղեկավարությունը որոշում կայացրեց հիմնանորոգել 50 դպրոց Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Այս տարի այդ դպրոցների թվում հիմնանորոգվեց նաև Լոռու մարզի Դարպասի միջնակարգ դպրոցը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին, ԱՄՆ-ից ժամանած բարերարներին դպոցականները դիմավորեցին աղ ու հացով, ուրախ երգ ու պարով, ասմունքով՝ պարում ներգրավելով նաև հյուրերին:
Հանրապետության կրթօջախներին, այդ թվում և Լոռու մարզին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը կարևորելով՝ մարզի ղեկավարն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող շատ մարդիկ այսօր մեծագույն դժվարությամբ են բաժանվում իրենց կարողություններից, մինչդեռ դուք ձեր միջոցների զգալի մասը տրամադրում եք նմանատիպ հայանպաստ բարեգործական ծրագրերի իրականացման համար: Վերանորոգված ու հարմարավետ դպրոցներում մեր երեխաներն ավելի լավ կսովորեն, իսկ նրանք մեր երկրի ապագան կերտող սերունդներն են»:
Մարզի ղեկավարը Լոռու մարզի դպրոցաշինության գործում ունեցած ակնառու ծառայության համար ԱՄՆ Հայ կրթական հիմնարկությանը պարգևատրեց Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով:
Դպրոցի տնօրեն Սերյոժա Գյուրջյանը դպրոցի կոլեկտիվի ու աշակերտների անունից իր երախտագիտությունը հայտնեց բարերարներին կրթօջախում նման հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Նա տեղեկացրեց, որ դպորցը ԱՄՆ Հայ կրթական հաստատության կողմից մասնակի նորոգվել է նաև 1999թ.-ին:
«Այժմ դպրոց է հաճախում 203 երեխա, սակայն այս թիվը մեզ չի գոհացնում: Մենք համոզված ենք, որ դպրոցի հիմանանորոգումից հետո նրանց թիվը կավելանա»,- ասաց տնօրենը:
Հայ կրթական հիմնարկության տնօրեն Ալ Քաբրալովը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերելն իր համար կարևոր առաքելություն է: Նա տեղեկացրեց, որ հայկական արմատներ ունի. պապը հայ է եղել Իսահակյան գյուղից, ով ԱՄՆ-ում բնակություն է հաստատել 1908թ.-ին: «Մեզ համար մեծագույն պատիվ է, որ վերանորգեցինք այս դպրոցը: Մենք շատ հպարտ ենք յուրաքանչյուր հայ աշակերտով, որովհետև նրանք այս երկրի ապագան են կերտելու: Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու և վստահ ենք, որ միասին կկառուցենք Հայաստանի լուսավոր ապագան»,- ասաց նա:
Հայ կրթական հիմնարկության հայաստանյան գործերով տնօրեն Նշան Փիրումյանն իր խոսքում նշեց, որ հաջորդ քայլը լինելու է կրթօջախները անհարժեշտ գույքով ու համակարգիչներով վերազինելու կարևոր գործընթացը, զուգահեռաբար կիրականացվեն նաև կրթական այլ ծրագրեր:
Հյուրերը շրջեցին նաև դպրոցում՝ հիանալով կատարված աշխատանքով, երեխաների համար ստեղծված հարմարավետ պայմաններով:
http://lori.gov.am/news/item/2014/10/08/news1/

Комментариев нет:

Отправить комментарий