31.01.2012

Արտաշես Ներսիսյան. «Ծանրամարտի կանանց հավաքականը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»

 Ծանրամարտում, առավել քան մյուս մարզաձևերում, վնասվածքներն անխուսափելի են: Ներկա պահին մեր լավագույն ծանրորդուհիներն ունեն նման խնդիրներ, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս: Թե վերականգնողական ինչպիսի փուլում են մեր աղջիկները, և ինչ է նրանց սպասվում առաջիկայում, Panorama.am-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանից: 

«Մեր առաջատար ծանրորդուհիներից 2-ը` Մելինա Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, այնքան էլ լավ մարզավիճակում չեն, և դա բնական է: Մելինեն արդեն 80 տոկոսով վերականգնվել է, իսկ Հռիփսիմեն` դեռևս 20-30 տոկոսով: Հետվիրահատական շրջանից հետո նրանք ապաքինման փուլում են: Մարտ ամսից հնարավոր կլինի լավ մարզավիճակ ձեռք բերել, ինչի ուղղությամբ էլ աշխատում ենք: 

Մինչև փետրվարի 3-ը Ծաղկաձորում մասնակցում ենք ուսումնամարզական հավաքի, որից հետո` փետրվարի 7-ին, այն կշարունակվի Գյումրիում: Հայաստանի ծանրամարտի առաջնությանը, որը կմեկնարկի փետրվարի 22-ին, Մելինեն և Հռիփսիմեն չեն մասնակցի` ելնելով արդեն նշված պատճառներից: 

Ցավոք, աղջիկների հավաքականը չի մասնակցի նաև ապրիլին Թուրքիայում տեղի ունենալի Եվրոպայի առաջնությանը: Մենք այն բաց կթողնենք, սակայն մինչև լոնդոնյան Օլիմպիադան կհասցնենք վերականգնվել: 

Վարկանշային մրցաշարեր մեզ համար այլևս չկան, ունենք 2 ուղեգիր, որոնց տերերը, ամենայն հավանականությամբ, կլինեն հենց Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մելինե Դալուզյանը, եթե, իհարկե, Աստված ոչ արասցե, նոր վնասվածքներ չլինեն: Այդ դեպքում ստիպված կլինենք 3-րդ տարբերակ փնտրել, թեև այս պահին նրանց համարժեք փոխարինողներ չկան: Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանին, ապա նրա ողնաշարը վերականգնվում է արտաքին ազդեցությամբ, և միայն ապրիլի վերջին բժիշկները կարող են ասել` մարզուհու վերադարձը մեծ սպորտ հնարավո՞ր է, թե՞ ոչ: Օլիմպիադայի հետ կապված մնացած մանրամասների մասին դեռ վաղ է խոսել, ժամանակ շատ կա»,- հայտարարեց Արտաշես Ներսիսյանը:
 
panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий