11.08.2013

Աչքերս բացեցի, տեսա կանաչ մանիկյուրը, հասկացա, որ իմ ոտքն են կպցրել, ուրիշինը չի. Վայքի վթարից տուժած 17-ամյա աղջիկ


Օգոստոս 11, 2013 | 00:12 

Վայք-Զառիթափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով ոտքը կորցրած 17-ամյա Լիլիթ Աբրահամյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո եկեղեցի է գնալու, որ Աստծուն շնորհակալություն հայտնի նրա համար, որ ոտքը կրկին տեղում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթ Աբրահամյանը:
Լիլիթն ապրում է Վայքում, դպրոցում լավ է սովորում, հաջորդ տարի պատրաստվում է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, սիրում է պարել, երազում  է շուրջերկրյա ճանապարհորդության մասին, կցանկանար մեկնել ԱՄՆ, Կանադա:
«Հիմա շատ լավ եմ, առաջ ցավերը շա ուժեղ էին: Այդ օրը գյուղից իջնում էինք Վայք, հաջորդ օրը ծննդի էինք, ուզում էինք պատրաստվել, մազ կտրել, եղունգ  սարքել: Ճանապարհին երկու տղա էին կանգնած, իրենց էլ վերցրինք մեզ հետ: Այդ օրը ոչինչ չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ ավտոյի մեջ գլորվելով, գլուխս խփելով, խառը բաներ: Հետո հիշում եմ, որ աչքերս բացեցի, տեսա ոտքս չկա, արյունը գնում է, ես թուլանում եմ կամաց-կամաց, ուշքս գնացել է, էլ ուշքի չեմ եկել: Կտրվելու պահից էլ տրամադրված էի, որ կպնելու է ոտքս, շատ ուզում էի, որ կպնի, երեւի դրա համար էլ կպավ: Վիրահատությունը վերջացրել են, աչքերս բացել եմ, տեսել եմ, որ ոտքս տեղում է: Ես կանաչ գույնի մանիկյուր էի քսել մատերիս, որ աչքերս բացեցի, տեսա կանաչ մանիկյուրը,  իմացա, որ իմ ոտքն են կպցրել, ուրիշինը չի»,- պատմեց աղջիկը:
Լիլիթը շեշտեց, որ կարոտել է դասարանցիներին, Վայքի ամբողջ ժողովրդին, անհամբեր սպասում է ընկերների հետ հանդիպմանը: «Էս հրաշքի համար շնորհակալ եմ Արտավազդ Սահակյանին, իր հետ աշխատող բոլոր բժիշկներին` Գոռին, Աբոյին (Գոռ Ամիրբեկյան, Աբրահամ Դանիելյան), ինքը հրաշք մարդ է, այնպես է վարվում հիվանդի հետ, որ հիվանդը մոռանում է, որ ինքը հիվանդ է, ամեն հիվանդ կերազի, որ իր նման բժիշկ ունենա»,- ասաց աղջիկը:
Աղջկա բժիշկը` Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայումս Լիլիթի վիճակը լավ է, վերքերն առողջանում են, իսկ հետագայում ծրագրում են երկարացնել ոտքը: «Երկարատեւ ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք 10-12սմ ոտքը երկարացնել: Աղջիկը մեզ հետ շարունակական կապի մեջ պետք է լինի մոտ մեկ տարի, դեռեւս մեկ ամիս կմնա ստացիոնար, այս ընթացքում կատարվում է ոսկրահատում, կիրառելով հարմարանքներ, ոտքը սկսվում է ձգվել եւ երկարացնել, այս գործընթացը չի նախատեսում մշտապես հիվանդանոցում գտնվել, երեխան կարող է պտտեցնել եւ երկարացնել ոտքը:  Երեւի 10 օրից կքայլացնենք Լիլիթին»,- ասաց բժիշկը:
Նշենք, որ Լիլիթ Աբրահամյանին երեք անգամ վիրահատել էին, վերջին երկու վիրահատությունը արել էր Արտավազդ Սահակյանը, դա տեւել էր 9 ժամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Վթարի հետեւանքով վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղեւորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը եւ 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Աբրահամյանը եւ Ա. Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս են գրվել, իսկ Հ. Առաքելյանը եւ Լ. Աբրահամյանը տեղափոխվել էին Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:


Комментариев нет:

Отправить комментарий