
Դիլիջանի ոլորաններում «Պազ» մակնիշի ավտոբուսի վթարի ենթարկվելու հետեւանքով Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 18 տուժածներից 9-ը տեղափոխվել է Երեւան:
Այս մաիսն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիլիջանի հիվանդանոցի տնօրեն Սիլվա Պետրոսյանը: Նա նշեց, որ 9 տուժածների տեղափոխել են Երեւան` «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:
Երեւան տեղափոխված վիրավորների մեջ կա երկու տուժած, ում վիճակը համեմատաբար ծանր է, նրանց մոտ առկա է ողնաշարի կոտրվածք, նրանց վիրահատել են «Էրեբունի» բկ-ում: Իսկ մեկ տուժածի էլ ուղարկել են թիվ 1 համալսարանական կլինինիկա` Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի մոտ, նա ջլերի վնասվածք ունի: «Դիլիջանի» հիվանդանոցում վթարի հեւտեւանքով մնացել էր 9 հոգի, նրանցից 4-ին դուրս են գրել, իսկ 5 հոգու էլ առաջիկա օրերին դուրս կգրեն:
Սիլվա Պետրոսյանն ասաց, որ 18 վիրավորների մեջ 3 տղամարդ էր, 15 կին, նրանք հիմնականում ստացել են վնասվածքներ, սալջարդեր, գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ, հոդախախտ:
Ի դեպ, հիվանդանոցի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ Դիլիջան բկ են այցելել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ովքեր տեսակցել են տուժածներին, ամեն ինչով օգնել, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի նրանց տեղափոխումը եւ հիվանդանոցներ տեղավորելը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Դիլիջանի ոլորաններում ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ վիրավորներ: Վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9.15-ի սահմաններում, այժմ ոստիկանները իրենց մեքենաներով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: «Պազ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի ճանապարհին` ոլորաններից ընկել է ներքեւ, մահացածներ չկան, բայց կա 18 վիրավոր:
Комментариев нет:
Отправить комментарий