Օգոստոս 24, 2013 | 00:27
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ագարակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Մեր տեղեկություններով` դեպքի հետեւանքով մահացած զինծառայողը` 20-ամյա Նորայր Արարատի Պետրոսյանը Քաջարան քաղաքից էր, նա պետք է մի քանի ամսից զորացրվեր եւ գար շարունակեր ուսումը: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը սովորում էր Հայաստան Ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում: Նա նշեց, որ Նորայրը շատ լավ, խելացի, գրագետ երիտասարդ էր, միշտ ակտիվորեն մասնակցում էր քաղաքում կազմակերպված միջոցառումներին, ուսանողական փառատոններ էր կազմակերպում: Քաղաքապետը շեշտեց նաեւ, որ Նորայրը շատ լավ ծառայող է եղել, շնորհակալագրեր է ստացել: Ծնողները նրա հետ խոսել են երկու օր առաջ, զինծառայողը լավ էր, ամեն ինչ նորմալ էր եւ որեւէ բողոք չուներ ծառայությունից:
Քաղաքապետն ասաց, որ Նորայր Պետրոսյանը ընտանիքում կրտսերն է: Պետրոսյանների ավագը զավակ է եղել, ով, սակայն, 5 տարեկանում մահացել է վթարի հետեւանքով, դրանից հետո նրանք ունեցել են երկու աղջիկ, իսկ հետո ծնվել է Նորայրը: Երիտասարդի քույրերից մեկը ամուսնացած է, մյուսը պատրաստվում էր նշանվել: Նրա ծնողները աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Վարդան Գեւորգյանը նաեւ նշեց, որ զինծառայողի ծնողների հետ մեկնել էր Ագարակ, եղել են դեպքի վայրում: Երիտասարդի դին բերվել է Երեւան` դիահերձման համար:
Միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած եւ Երեւանի զինվորական հոսպիտալ տեղափոխված Արթուր Գառնիկի ԱսոյանըԵրեւանի բնակիչ է, նա 19 տարեկան է, աշնանը կլրանա նրա ծառայության մեկ տարին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված եւ վիրավոր:
Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Հայաստանի սահմանին:
Комментариев нет:
Отправить комментарий