
Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը հերթական տեղեկատվությունն է հրապարակել հայերի կողմից ադրբեջանցու «գերեվարման մասին»: Այս անգամ այս «պատումը» վերաբերում է Վրաստանի քաղաքացի մի ադրբեջանցու:
Ըստ գործակալության` «Ալահվերդի Պելենգովը գերի է վերցվել հայ սահմանապահների կողմից»: Նա Սադախլուի վարչական տարածքին պատկանող Բուրմա գյուղի բնակիչ է: Հոդվածի հեղինակը նշում է, որ Պելենգովի հարազատները խուսափում են լրագրողների հետ շփումից, հիմնավորելով, որ «եթե հայերն իմանան, թե մենք տեղեկացրել ենք մամուլին, մեր եղբոր վիճակը վատ կլինի»: Ալահվերդիի զարմիկ Սուլեյման Պելենգովը ԱՊԱ-ին պատմել է, որ «գերին հայ-վրացական չեզոք գոտում հանդիպել է երկու հայ հովվի եւ ճաշել նրանց հետ: Այնուհետեւ հայ սահմանապահները բոլոր երեքին էլ բռնել են եւ տարել մոտակայքում գտնվող հայկական սահմանապահ զորամաս: Հայերին բաց են թողել, իսկ իմ զարմիկին տարել են Երեւան: Այժմ նա գտնվում է Հայաստանի անվտանգության նախարարությունում»: Սադախլի գյուղի գործադիր գերատեսչության ղեկավար Հուսեյն Ասկերովը հայտնել է, որ Վրաստանի անվտանգության վարչության պաշտոնատար անձինք բանակցություններ են վարում Հայաստանի համապատասխան մարմինների հետ, եւ որ այսօր Ալահվերդի Պելենգովը վերադարձվելու է:
Հայաստանի ԱԱԾ-ից այս առիթով ոչ մի մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ ոչ աշխատանքային օր է: Սակայն ոչ պաշտոնապես տվյալներ են ստացվել, որ տեղեկությունը պարզապես մտացածին է:
Ոչ մի «գերեվարում» էլ չի եղել: Տեղեկության մտացածին լինելն անուղղակի հաստատում է նաեւ այն, որ Հայաստանի պետմարմինների անվանումները սխալ են ներկայացված:
Комментариев нет:
Отправить комментарий