10.08.2013

Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողին նորից պետք է վիրահատեն

Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողին նորից պետք է վիրահատեն
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանին նորից պետք է վիրահատեն: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Սարգսյանի հայրը` Վաղինակ Սարգսյանը:
Նա նշեց, որ օգոստոսի 1-ից Հրաչյա Սարգսյանը արդեն գտնվում է տանը, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում անցած բուժման կուրսերը որոշակի արդյունք են տվել: «Արդեն մի թեթեւ շարժվում է, օգնությամբ քայլում է, իսկ նախկինում ընդհանրապես չէր կարողանում շարժվել: Դեպքի օրը նրա հիշողությունից ջնջված է, ոչինչ չի հիշում»,- ասաց Վաղինակ Սարգսյանը
Նա նշեց, որ պաշտպանության նախարարության միջոցներով որդին մեկ ամիս մնացել է Կարմիր խաչի կենտրոնում, բուժումներ ստացել: Այժմ պետք է վիրահատեն նրա գլուխը, կոտրվածքները փակեն, մետաղ կամ պլաստմաս տեղադրեն: Հայրը ցանկանում է, որ մետաղով փակեն վնասվածքները, սակայն դրա գումարը պետությունը չի կարող հատկացնել: Այժմ Վաղինակ Սարգսյանը գումար չունի, որպեսզի գնի այդ մետաղը, «Աշխատանք չունեմ, տուն չունեմ, չեմ կարող կոնկրետ ասել` երբ կունենամ հնարավորություն, ապրում եմ բարեկամներիս օգնությամբ: Չեմ մեկնելու արտագնա աշխատանքի մինչեւ որդիս չապաքինվի,»,- ասաց Վաղինակ Սարգսյանը:
Վիրահատությունը կկատարվի պետպատվերի շրջանակներում, դրանից հետո Հրաչյա Սարգսյանը նորից վերականգնման կուրսեր պետք է անցնի Կարմիր խաչի կենտրոնում:
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանի ձախ կողմը պարալիզացված էր, ուներ հիշողության կորուստ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել էին նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք էր սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել էին նրանց մեքենաները:
Հարազատների հետ հանդիպման էին գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր էին ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել էին զինվորի հարազատների հետ: Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել էին նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:  

Комментариев нет:

Отправить комментарий