24.08.2013

Ազնավուրի ելույթն ավարտվել է սուլոցներով, հանդիսատեսը պահանջել է տոմսի գումարը

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն օգոստոսի 21-ին ելույթ է ունեցել ֆրանսիական Նարբոն քաղաքում, ինչն ավարտվել է չտեսնված միջադեպով. հանդիսատեսը սուլել է և «թու» գոռացել, հետ պահանջել տոմսի համար իր վճարած գումարը:

Le Parisien-ը հայտնում է, որ տոմսն արժեցել է 45 եվրո, իսկ Ազնավուրը կատարել է 5 երգ, որոնցից 2-ը՝ դուետով:

Ելույթը տեղի է ունեցել ֆրանսիացի նշանավոր կատարող Շառլ Տրենեի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով, նրա հայրենի Նարբոն քաղաքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շոուի վերջում հանդիսատեսը հոտնկայս վանկարկել է՝ «Փոխհատուցե՛ք»:

Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հստակեցնում են, որ խնդիրը թյուրիմացությունն է եղել, քանի որ տոմսերի վրա գրված է եղել, թե «Ֆրանսիական երգի վերջին գերաստղի»՝ հենց Ազնավուրի համերգն է, իսկ խոսքն ընդամենը ելույթի մասին է եղել, այն էլ՝ սկսնակ երգիչների հետ:

Ազնավուրը հաջորդիվ հայտարարություն է տարածել, որում ասել է, թե իր համերգը կազմակերպելու խնդիր չունի, իսկ դա ընդամենն իր հարգանքի տուրքն է եղել Տրենեին, ում համարում է իր վարպետը:

Midilibre.fr-ը մեջբերում է մի հանդիսատեսի, որն ասել է. «Մենք հասկանում ենք, որ Ազնավուրը ծեր է և հոգնած, բայց որոշ մարդիկ 900 կմ ճանապարհ են անցել նրան լսելու համար: Մեզ հիմարեցրել են»:

Աղբյուրը հայտնում է, որ Նարբոնի իշխանությունները որոշել են փոխհատուցել:
 

Комментариев нет:

Отправить комментарий