30.08.2013

Կարմիր Խաչը կոչ է անում արդյունավետ արձագանքել անհայտ կորածների ընտանիքների կարիքներին

Կարմիր Խաչը կոչ է անում արդյունավետ արձագանքել անհայտ կորածների ընտանիքների կարիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում զինված ընդհարման կամ բնական աղետների հետեւանքով անհայտ կորածների ընտանիքների կարիքներին ավելի արդյունավետ եւ լայնածավալ արձագանք տալու համար։ Նման հայտարարություն է տարածել կոմիտեի երեւանյան գրասենյակը:
«Ամեն տարի, հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց հարազատներին նման իրավիճակներում»,- ասում է Մարիան Պեկասսուն, ԿԽՄԿ անհայտ կորածների հարցերով աշխատակազմի ղեկավարը։ «Ընտանիքներն ասում են, որ ամեն ինչից առավել նրանք ուզում են պարզաբանել անհայտ կորածի հետ կատարվածը, սակայն ցավոք, շատ դեպքերում այդ հարցը հնարավոր չի լինում լուծել։ Սակայն նրանք ունեն նաեւ բազմաթիվ այլ կարիքներ»:
Երբեմն իրավական կարիքները բխում են անհայտ կորածի անորոշ կարգավիճակի հետ կապված հարցերից։ Ընտանիքները կարող են առնչվել ժառանգության, գույքի տնօրինման, ամուսնական կարգավիճակի կամ անգամ երեխաների խնամակալության հետ կապված խնդիրների հետ։ Կարող են նաեւ նյութական կարիքներ ունենալ կապված անհայտ կորածին որոնելու նպատակով կատարված ծախսերի, կամ էլ ընտանիքի կերակրողին կորցնելուց հետո ընտանիքը նյութապես ապահովելու հետ։
Համենայն դեպս, ինչպես պարզաբանում է Միլենա Օսորիոն՝ ԿԽՄԿ հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական հարցերով խորհրդատուն, հաճախ ընտանիքներն ունենում են նաեւ լուրջ հոգեբանական կարիքներ։ Դրանց թվում կարելի է դասել հուզական մեկուսացումը, մեղքի զգացումը, զայրույթը, ընկճախտը կամ տրավման, ինչպես նաեւ լարվածությունը ընտանիքի անդամների միջեւ կամ համայնքի այլ անդամների հետ։ «Անհայտ կորածների ընտանիքները հաճախ հայտնվում են անորոշության հետ պայքարի մեջ։ Գրեթե բոլոր հասարակություններում կան կրոնական կամ մշակութային ծիսական արարողություններ՝ կապված մահվան դեպքերի հետ,- ասում է տիկին Օսորիոն,- սակայն գրեթե ոչինչ չկա անհայտ կորածների ընտանիքներին սփոփելու համար»։
«Ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց անհայտ կորած հարազատի հետ կատարվածի մասին։ Դա բացահայտելը նրանց հիմնական եւ առաջնային կարիքն է, բայց նրանց հետագա կարիքներին նույնպես պետք է արձագանքեն ինչպես կառավարությունները, այնպես էլ այնպիսի կազմակերպությունները ինչպիսիք Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերություններն են»,- ասում է տիկին Պեկասսուն։
Օգոստոսի 30-ին՝ Անհայտ կորածների միջազգային օրվա առնչությամբ՝ ԿԽՄԿ-ն հանրությանը կներկայացնի «Իչպես սատարել անհայտ կորածների ընտանիքներին. Ձեռնարկ»-ը, որը նախատեսված է օգնելու ինչպես Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի շարժման անդամ հանդիսացող, այնպես էլ շարժումից դուրս աշխատող այն մարդկանց, որոնք ջանում են աջակցել անհայտ կորածների ընտանիքներին։ Ձեռնարկը՝ 154 էջից բաղկացած, նվիրված է «բոլոր նրանց, ովքեր ստիպված են դիմանալ սիրելիի անհետացման հետեւանքով առաջացած տառապանքին»։

Комментариев нет:

Отправить комментарий