30.08.2013

Կաթի մթերման շուկայի զարգացման միտումները Հայաստանում

Կաթի մթերման շուկայի զարգացման միտումները Հայաստանում
Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտին կառավարության ցուցաբերած ուշադրության արդյունքում դրական զարգացումներ են նկատվում: 2010-2012թթ. մթերման շուկայում կաթի գինն աճել է շուրջ 40%-ով, ինչը դրական է ազդում անասնապահության կաթնատու ոլորտի վրա: Նույնիսկ կաթի արտադրության սեզոնայնությունն այս տարի չի ազդել կաթի մթերման գների վրա. ձմռան ամիսների համեմատ՝ այս ամռանը գինը չի նվազել: Ըստ ստացված տվյալների՝ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիական տնտեսությունների համար ձեռնարկությունների մեծ մասում կաթի մթերման գործարանային գները մինչև մարտ առանց ԱԱՀ-ի կազմել են 160 դրամ, մարտ-մայիս ամիսներին՝ 170 դրամ, հունիսին՝ 160 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 120-130 դրամի դիմաց: Դրական հանգամանք է, որ գյուղացիական տնտեսությունները ազատված են ԱԱՀ-ից, բայց այդ դեպքում հարկային բեռը ոլորտում ամբողջությամբ ընկած է կաթնամթերք արտադրողների վրա: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ նկատվում են ընդհանուր օրինաչափությունից շեղման դեպքեր, երբ մթերման կետերից մեծ հեռավորությունների վրա տեղակայված գյուղերի բնակիչները, օգտվելով միջնորդների ծառայություններից, կաթը տեղում հանձնում են նրանց 120-130 դրամով:
Վերջին 3 տարիներին կաթի մթերման շուկայում գնի 36.5%-ով բարձրացումը ուղեկցվել է միայն կաթի արտադրության ծավալների 0.4%-ով բարձրացմամբ, որը 2012թ. կազմել է 618,2 հզ. տ.: Օգոստոսից կաթի մթերման գինը բարձրացել է 170 դրամի, իսկ ամառվա գնի բարձր մակարդակն արդեն իսկ հուշում է աշնան և ձմռան ամիսներին կաթի գնի աննախադեպ բարձր մակարդակի մասին, որը կգերազանցի 200 դրամը:
Կաթի մթերման շուկայում գների բարձրացման միտումն, անշուշտ, դրական է համարվում՝ կանխելու գյուղացիական տնտեսություններում կաթնատու անասունների հետագա հարկադիր մորթն ու կաթի արտադրության առաջարկի նվազումը: Մթերման գնի բարձրացումն ունի նաև սոցիալական ուղղվածություն, քանի որ որոշ գյուղացիական տնտեսություններում այն եկամտի միակ աղբյուրն է հանդիսանում: Կաթի մթերման գների բարձրացմանը մեծապես նպաստել է կառավարության վերջին տարիների քաղաքականությունը գյուղատնտեսոթյան ոլորտում: Զարմանալի է, սակայն մթերման գնի բարձրացումը դրական է համարում նաև «Կաթնամթերք արտադրողների միությունը». պատճառն այն է, որ միայն այդ դեպքում է հնարավոր առաջընթաց ապահովել կաթի մթերման շուկայում և զսպել կաթի արտադրության ծավալների կրճատումը: Վերջին տարիներին կաթնամթերք արտադրողների` սեփական ռեսուրսների հաշվին մթերման գների անշեղ աճի ապահովումն ուղղված էր կաթի արտադրության ծավալների նվազումը զսպելուն և գյուղացիական տնտեսություններում անասունների հարկադիր մորթի վտանգը վերացնելուն: Շուկայում կաթի ու մսի գների միջև առաջացած անհավասարակշռությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել կաթնատու անասնապահության, հետևաբար` կաթնամթերքի արտադրության վրա: Կար այնպիսի միտում, որ հորթերը կբտվեն և կաթնատու անասունի փոխարեն այն կուղղվի մորթի՝ դրանով սպառնալով գյուղատնտեսության մեջ կաթնարդյունաբերության հետագա զարգացմանը: Միայն վերջին 3 տարում պարենային ապրանքների մեջ տավարի մսի միջին գինը բարձրացել է 58%-ով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում կաթի գինը մանրածախ շուկայում բարձրացել է ընդամենը 5%-ով: Ուստի, հաշվի առնելով տեղական կաթի արժեքի և գնի անհամապատասխանությունը, պետք է խրախուսել մթերման գնի բարձրացումը, քանզի միայն դա կարող է հավասարակշռություն մտցնել անասնապահության ոլորտում և նպաստել ոլորտի կաթնատու ուղղության զարգացմանը:
Միևնույն ժամանակ վտանգ կա, որ կաթի արտադրության շուկայում գնաճն անխուսափելի կդարձնի շղթայական ռեակցիայի առաջացումը և որպես հետևանք՝ պատրաստի կաթնամթերքի գների բարձրացումը: Պատրաստի կաթնամթերքի ինքնարժեքի ծանրակշիռ մասը կազմում է կաթը: Իսկ ինքնարժեքի աճի պայմաններում՝ վերջնական արտադրանքի գնի զսպումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոլորտի վրա, իսկ հետագայում հանգեցնել գների պայթյունային բարձրացման: Այդ պատճառով, հաշվի առնելով կաթնամթերք արտադրողների կողմից վերջին տարիների ընթացքում կաթնամթերքի գնաճի զսպումը, անհրաժեշտ է, որ խնդիրը մեղմվի վերջնական արտադրանք հանդիսացող պատրաստի կաթնամթերքի գների մասնակի բարձրացմամբ՝ նպաստելով ինչպես գյուղացիական տնտեսություններում անասնապահության կաթնատու ուղղության աճին ու զարգացմանը, այնպես էլ կաթի վերամշակման ոլորտի կայունության ապահովմանը:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий