30.08.2013

USAID-ի տնօրեն. Հայաստանում տեսնելու եւ իմանալու շատ բան կա

USAID-ի տնօրեն. Հայաստանում տեսնելու եւ իմանալու շատ բան կա
NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանում ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդի հետ հարցազրույցը:
Վերջին տարիներին USAID-ի նշանակալի նախագծերից է «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստող» ծրագիրը: Ի՞նչ եք կարծում, կարող է «ժողովրդական դիվանագիտությունը» թուլացնել օբյեկտիվ խոչընդոտները, որոնք կային եւ մինչ այժմ գոյություն ունեն:
Կարծում եմ, որ երկու երկրների մարդկանց միջեւ նախագծերը երկու երկրների միջեւ արգելքների խորտակման գլխավոր տարրերն են: Կարեւոր է հաշվի առնել, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստող»  մեր ծրագիրը ստեղծվել է հենց այն ժամանակ, երբ ստորագրվել էին արձանագրությունները եւ սպասում էինք դրանց վավերացմանը: Գործնական, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ շփումները եւ նախագծերը շատ կարեւոր են: Սակայն դրանք պետք է ուղեկցեին կառավարությունների միջեւ երկխոսությանը, որն էլ պետք է արդյունքների հանգեցներ: Նախագիծը մի շարք կարեւոր բաներ է իրագործել, մասնավորապես գործնական, մշակութային կապեր է հաստատել, օրինակ` միասին հանդես են եկել հայ եւ թուրք կինեմատոգրաֆները: Նախագծի հիմնական նպատակը չիրագործվեց, քանի որ կառավարությունների միջեւ երկխոսությունը փակուղի էր մտել: Նույնիսկ պաշտոնական խոչընդոտները հաշվի առնելով` այն շարունակում է կարեւոր նշանակություն ունենալ գործնական եւ մշակութային կապերի ամրապնդման հարցում, որոնք ժամանակի ընթացքում կարծրատիպեր են կոտրում եւ ուղի հարթում քաղաքական վճիռներ կայացնելու համար: Թեեւ քաղաքացիական հասարակության մեջ եւ բիզնեսում ձեռքբերումները բավականին համեստ են եղել, կարեւոր է պահպանել այդ ուղղությունը եւ ավելի լավի հույս ունենալ:
USAID-ն գործունեություն է ծավալել «2012 եւ 2013թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում՝ ընտրողներին տեղեկացնելու նպատակով, իսկ այնուհետեւ ընտրությունների դիտարկում է կատարել: Ծրագիրն ավարտվում է 2014թ.: Ի՞նչ աշխատանք է ծավալվում ընտրությունների ավարտից հետո:
Այդ ծրագիրը մշակվել էր` ընտրական գործընթացն ընդգրկելու համար: Մենք ֆինանսավորել ենք «Սա քո ընտրությունն է» կազմակերպությանը` ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Քաղաքական գործընթացի ակնհայտ բարփոխումը պետք է անցկացնել ոչ միայն ընտրություններից առաջ, այդ պատճառով էլ մեր կարծիքով կարեւոր է աջակցել «Սա քո ընտրությունն է» կազմակերպությանը՝ մինչեւ  գրանտի ավարտը, նաեւ՝ USAID-ի գրանտի ավատից հետո: «Սա քո ընտրությունն է»-ի նման ՀԿ-ների համար կարեւոր է աշխատել ներքին կառուցվածքի, միջոցների հավաքագրման ուղղությամբ, որպեսզի դրանք կարողանան դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրները: Միաժամանակ, ընտրություններից հետո էլ պետք է ուշադրություն դարձնել թափանցիկությանը, այն բանի անհրաժեշտությանը, որ պետական կառույցները եւ կառավարությունը բոլոր մակարդակներով շարունակեն  հաշվետու լինել իրենց ընտրած բնակիչներին: Այդ իսկ պատճառով ծրագիրը շարունակվում է ընտրություններից հետո: Առաջ գնալով՝ ավելի քիչ կշեշտադրենք ընտրությունները եւ առավել կկենտրանանանք կոռուպցիայի դեմ պայքարի, ՏԻՄ գործունեության թափանցիկության, քաղաքացիական հասարակության մասնակցության վրա, որպեսզի օգտվենք հիմնական ընտրություններին մնացած հնգամյա ժամկետից: Մենք կաշխատենք քաղաքացիական հասարակության եւ կառավարության հետ, որպեսզի ամրապնդենք հարաբերությունները եւ կառավարության մեջ սերմանենք հետեւյալ սկզբունքը. պետք է հաշվետու լինել ընտրողներին: 
USAID-ն Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցում է  արդեն վաղուց. Նախկինում դա «Հայկական մրցունակ մասնավոր սեկտոր» (CAPS) ծրագիրն էր, ներկայում՝ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության » (EDMC) ծրագիրը, նաեւ՝ «ITT»-ն: Ո՞րն է այդ ուշադրության պատճառը: Ըստ Ձեզ, Հայաստանում այդ հատվածի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:
Մենք նախեւառաջ ուշադրություն ենք դարձնում ՏՏ ոլորտին այն պատճառով, որ կառավարությունը դրան առաջնային ուշադրություն է հատկացնում, սակայն սխալ կլիներ մտածել, որ ոլորտը բացառիկ կամ ոչ համամասնական ուշադրության է արժանանում USAID-ի կողմից: Իրականում մենք չորս ոլորտի վրա ենք աշխատում՝ ՏՏ, դեղագործական արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն:
Բոլորն էլ կարեւոր են կառավարության տնտեսական եւ արդյունաբերական ռազմավարության համար:  ՏՏ ոլորտը կարեւոր է մի քանի պատճառներով: Նախ, այն գիտելիքի վրա հիմնված ոլորտ է, որը մեծացնում է հայերի զբաղվածության մակարդակը եւ առաջարկում հիանալի պատրաստվածությամբ աշխատուժ, դրա մտավոր կարողություններն օգտագործելու հնարավորություններ:
Երկրորդ, ՏՏ ոլորտը բաց սահմաններից կախված չէ:  Դուք կարող եք այստեղ հաջողությունների հասնել փակ սահմանների պարագայում:  Երրորդ, այն օգտագործում է հայկական աշխատուժի բնական ունակությունները:
Բացի այդ, այս ոլորտում բաց դաշտ կա փոքր եւ միջին բիզնեսի համար, չկա մենաշնորհ: Մենք ձգտում ենք ընդլայնել «սթարթափերը»,  փոքր բիզնեսը, երկրորդ՝ շարունակում ենք աշխատուժ պատրաստել այստեղ՝ Հայաստանում: Երրորդ, ցանկանում ենք ՏՏ-ն կիրառել այլ ոլորտներում՝ առողջապահություն, զբոսաշրջություն:
Կարծում ենք, որ բարձր մակարդակը թույլ է տալիս հաջորդ քայլը կատարել, ոչ թե ինքնանպատակ զարգացնել ՏՏ ոլորտը, այլ տնտեսությունում ներդնել  ՏՏ-մոտեցումներ: ՏՏ-ն այլ ոլորտները զարգացնելու հսկայական հնարավորություններ ունի, դրա համար ենք այդքան կարեւորում այն:
Այլընտրանքային էներգետիկական ծրագրեր են առաջ քաշվել «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի շրջանակում: Ի՞նչ հեռանկարներ կան էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման համար:
Մենք նշանակալի ավանդ ենք ներդրել «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրում: USAID-ին ՀՀ կառավարության հետ աշխատում է էներգետիկական շուկայի տարածաշրջայնացման նպատակով, մասնավորապես Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկական բնագավառում կապերի զարգացման ուղղությամբ:
ԱՄՆ-ի կառավարությունը օգնում է Մեծամորի ԱԷԿ-ի սպասարկմանն ու անվտանգությանը: Հաշվի առնելով փաստը, որ երկիրը, հավանաբար, չափից դուրս հենվում է միջուկային էներգիայի վրա, նաեւ նկատի ունենալով, որ կայանը հնանում է եւ ավելի շատ ներդրումներ ու անվտանգությանն ուղղված միջոցառումներ է պահանջում, նաեւ հաշվի առնելով Հայաստանի բնապահպանական խնդիրները, կարեւոր է տարանջատնել էներգիայի աղբյուրները՝ միջուկայինին եւ ջրայինին զուգահեռ:
Մենք շատ ակտիվ ենք եղել փոքր ՀԷԿ-երի գործարկման նորմատիվային-իրավական հիմքերի բարեփոխումների հարցում: Փոքր ՀԷԿ-երի հետ կապված մտահոգությունն ավելի շատ բնապահպանական բնույթի է: Կարեւոր է, որ ՀԷԿ-երն աշխատել բնապահպանական առումով դիմացկուն եղանակներով:
Մենք մի շարք միջոցառումներ ենք անցկացրել, որոնք վերաբերում էին հայկական գյուղերում արեւային եւ հողմային տեխնոլոգիաների կիրառմանը, սակայն այդ տեխնոլոգիաները մեծ ներդրումներ են պահանջում: Եթե անգամ գյուղացին ցանկանա անցում կատարել այդ տեխնոլոգիաներին, նախնական ներդրումների համար միջոցներ չունի: Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու պետք է կառավարությունը ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման քաղաքականություն վարի, ներառյալ՝ տեղական մակարդակով եկամուտների բաշխման ավելացումը, որպեսզի նրանք կարողանան ներդրումներ կատարել այդ ոլորտներում:
Մի քանի շաբաթ առաջ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (FED) ծրագրի մեկնարկն ազդարարեցիք: Ի՞նչ նպատակներ է այն հետապնդում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ ծրագրից:
Կարծում եմ, որ Հայաստանի ֆինանսական հատվածում ավանդաբար ուշադրության կենտրոնում եղել է բանկային գործը, իսկ ֆինանսական ավանդական գործիքները՝ բանկային վարկերը: Ֆինանսներ տնտեսական զարգացման համար»   ծրագրի հիմնական նպատակներից է ֆինանսական այլ արտադրանքները  մատչելի դարձնելը, որոնցից են ապահովագրությունները, բաժնետոմսերը, պարտատոմսերը: Դրանք ներդրողներին բանկում պարզապես գումար նելուց բացի այլ տարբերակներ են  առաջարկում:  Բացի այդ, փորձում ենք աշխատել կենտրոնական բանկային համակարգի հետ, որպեսզի բանկերին համոզենք, որ փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկեր տրամադրելը այնքան էլ ռիսկային չէ, որքան հավանաբար նրանք են կարծում: Կարծիք կա, ոչ նման վարկեր մանր առեւտրականներին տրամադրելը շատ ռիսկային է:
«Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» ծրագիրը ոչ միայն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը, այլեւ ներկայացնում է տարածաշրջանի պատմությունը: Ի՞նչ օգուտ կստանա Հայաստանը դրանից:
Տվյալ ծրագիրը Հայաստանի զբոսաշրջային հատվածը բարելավելու մեր ռազմավարության անկյունաքարն է: Եթե դուք ծնվել, մեծացել եւ ապրում եք Հայաստանում, չեք նկատում ձեզ շրջապատող մշակութային գանձերը: Բայց ինձ պես մեկը, որը երբեք չի ապրել Հայաստանում, նայում է շուրջը եւ տեսնում մշակույթի, պատմության, ճարտարապետության, հնագիտության, կրոնի պատմության հարստությունները:  Այստեղ տեսնելու եւ իմանալու շատ բան կա: Հարցն այն է, թե ինչպես եք դուք դա մատուցում զբոսաշրջիկներին:
Հենց սա է USAID-ն շեշտադրում զբոսաշրջության ոլորտում:  Ծրագիրն ուղղված է Հայաստանի հարուստ պատմության եւ մշակույթի շահավետ օգտագործմանը: Ճիշտ մարքեթինգը, զբոսաշրջային ճիշտ կազմված երթուղիները եւ ճիշտ վայրերում զբոսաշրջիկներին ավելի շատ տեղեկություններ տրամադրելը, որպեսզի նրանք տեսածն ավելի լավ ընկալեն: «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» ծրագիրը օգնում է շուկա դուրս բերել այն, ինչը կարող է առաջարկել Հայաստանը:
Այն կարեւոր է, քանի որ տրանսսահմանային նախաձեռնություն է եւ տարածաշրջանում առկա ինստիտուցիոնալ ու հոգեբանական արգելքները քանդելու եւս մեկ միջոց: Երբ մարդիկ շուկային որպես մեկ ամբողջություն են նայում՝  «Ցանկանում եմ այցելել Կովկաս, որոշ ժամանակ կանցկացնեմ Հայաստանում, Վրաստանում, հետո Թուրքիայում», այդ դեպքում ծրագիրը սկսում է խորտակել արգելքները եւ քանդել պատերը:
Պատրաստեց Աննա Ղազարյանը

Комментариев нет:

Отправить комментарий