20.08.2013

Զինդատախազության ստեղծած խմբին հինգ կազմակերպություն է անդամակցել

Զինդատախազության ստեղծած խմբին հինգ կազմակերպություն է անդամակցել
Բանակում մահվան դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խմբին հինգ կազմակերպություն է անդամակցել:
2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություն` «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» եւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը:
Զինվորական դատախազությունից հայտնում են, թե չնայած վերջին տարիներին մամուլով եւ զանգվածային լրատվական այլ միջոցներով ՀՀ ԶՈՒ արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ ի հայտ են եկել իրենց մտահոգ համարող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ցանկացած առիթի դեպքում կարող են անել հրապարակային, շատ դեպքերում անպատասխանատու եւ որեւէ կերպ չհիմնավորված, հայտարարություններ, այնուամենայնիվ, չօգտվեցին իրենց տրված հնարավորությունից մասնագիտական հարթության մեջ քննարկման առարկա դարձնելու այն բոլոր գործերը, որոնք իրենք, անգամ իրենց հայտարարությունների մեջ, համարել են «կոծկված» կամ «կեղծված»: Միաժամանակ, աշխատանքային խմբում իրենց աշխատանքը իրականում ուղղված կլիներ մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության վերաբերյալ իրենց մտահոգող հիմնախնդիրների լուծումը առավել առարկայական եւ գործնական դարձնելուն:
02.08.2013թ. ժամը 10-ին ՀՀ զինվորական դատախազությունում կայացավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Քննարկման ժամանակ ձեւավորվեցին աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը եւ կանոնակարգվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Ծավալված ակտիվ քննարկումները եւ խմբի մասնակիցների առաջարկությունները վկայում են, որ աշխատանքային խմբում ներգրավված իրավաբան-մաս-նագետները նպատակադրված են իրականացնել բեղմնավոր աշխատանք` աջակցելու քննված քրեական գործերով հնարավոր բաղթողումներն ի հայտ բերելու, ի վերջո` արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքային խմբի կողմից ընդունվեց Խմբի աշխատանքների կազմակերպման, որոշումների ընդունման կարգն ու պայմանները եւ այլ հարցեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն Խմբի գործունեությունը: Ընդ որում, նկատի ունենալով, որ աշխատանքային խմբում քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում եւ դիմում ներկայացնելու ժամկետ էր սահմանվել օգոստոսի 26-ը ներառյալ, ուստի աշխատանքային Խումբը իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին:

Комментариев нет:

Отправить комментарий